Ազգային ժողովի աշխատակազմը չունի տվյալներ, թե այս շրջանում, ընդհանուր առմամբ, քանի պատգամավոր և աշխատակազմի քանի աշխատակից է վարակված կորոնավիրուսով կամ ինքնամեկուսացած:

ԼՈՒՐԵՐ.com-ը կազմել է ցանկ, թե պատգամավորներից, ովքեր են վարակվել կորոնավիրուսով: Այս պահին «Իմ քայլը» խմբակցությունում կա վարակված 8 պատգամավոր. Հակոբ Սիմիդյանը, Մխիթար Հայրապետյանը, Հայկ Սարգսյանը, Ծովինար Վարդանյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Քրիստինե Պողոսյանը, Արեն Մկրտչյանը, Հայկ Գեւորգյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից վարակված են ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, Գեւորգ Պետրոսյանը, թեեւ թեստ չի հանձնել, սակայն ինքնամեկուսացել է: Քիչ առաջ տեղեկացանք, որ Արման Աբովյանը նույնպես վարակվել է, սակայն չունի որեւէ ախտանշան, իսկ ինքնազգացողությունը լավ է:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության աշխատակազմից տեղեկացրին, որ չունեն վարակված պատգամավոր, միայն Գեւորգ Գորգիսյանն է ինքնամեկուսացել՝ որպես կոնտակտավոր:

Նշենք, որ վարակակիր Վահե Էնֆիաջյանը շփվել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի հետ, սակայն վերջիններս չեն թեստավորվել: