«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հրապարակեց նոր տեղեկություններ այն մասին, թե ինչպես են օտարերկրյա որդեգրումների գործընթացում օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխաների խնամքը ստանձնելու նպատակով երեխաների առք և վաճառք կատարելու դիտավորությամբ ստեղծվել և ղեկավարվել հանցավոր խումբ: Նկատենք, որ նախաքննական մարմինը անուններ չէր տվել, թե այս աղմկահարույց գործով ինչ պաշտոնատար անձինք են անցնում:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել է մի քանի անձանց անուններ պարզել: Այսպիսով, մեզ հաջողվել է պարզել, որ քրեական գործով անցնում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության նախկին պետ Արգամ Ստեփանյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանը, սակայն հայտնի պաշտոնյաների անունն այսքանով չի ավարտվում:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քրեական գործով շոշափվում է նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության ներկայիս պետ Անի Մխիթարյանի, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդականներից մեկի կնոջ անունը, որն, ի դեպ, քրեական գործով հարցաքննվել է: Սակայն սա էլ դեռ ամենը չէ. քրեական գործով շոշափվում է նաև արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի աշխատակազմի ղեկավար Նունե Խաչատրյանի անունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: