Երեկ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի պահին, որի հետևանքով մահացել էր ութամյա Յուրա Հերաբյանը, «ՎԱԶ 21-099 մեքենայի մեջ երեք չափահաս ու յոթ երեխա է եղել՝ վարորդը, վարորդի եղբոր կինն ու հորեղբոր տղայի կինը իրենց երեխաների հետ: Բոլորը Սարապատ խոշորացված համայնքի Գոգհովիտ բնակավայրի բնակիչներ են:

Դեպքը տեղի էր ունեցել Թորոսգյուղի հատվածում: Վարորդը կորցրել էր ղեկի կառավարումը, ու մի քանի անգամ պտտվելուց հետո մեքենան գլխիվայր շրջվել էր դաշտամիջյան հատվածում:

ՀԺ-ի հետ զրույցում Գոգհովիտի վարչական ղեկավարն ասաց՝ դեպքից շատ բան չգիտե, նաև չի կարող ասել՝ վարորդն ալկոհոլ օգտագործած եղել է, թե ոչ:

ՀԺ-ի դիտարկմանը, թե Վարդավառը նշելու նպատակով գնացել էին Ղարախաչ և հետդարձի ճանապարհին է դեպքը տեղի ունեցել, արդյոք վարորդը՝ Կոլյա Հ.-ն, ալկոհոլ օգտագործած եղե՞լ է, թե՞ ոչ, Գոգհովիտի վարչական ղեկավար Սերգո Ավետիսյանն ասաց՝ ոչինչ չի լսել այդ մասին:

«Ինքը ըդպես խմելու հետ սեր չուներ, բայց դե հմի էդ ժամանակ խմած եղել է, թե չէ, ես չեմ կարող էդ մասին խոսամ»,- ասաց Ավետիսյանը:

Մահացած երեխան վարորդի եղբոր որդին էր: Վարորդի կինը նրանց հետ չի եղել, որովհետեւ, ըստ Գոգհովիտի ղեկավարի, նախորդ օրը նրան տեղափոխել էին ծննդատուն:

Գյումրու «Ավստրիական մանկական հիվանդանոց»-ը տուժած երեխաներին ընդունել է 19:15-ին: Վեցն են եղել, հինգից-յոթ տարեկան: Երեխաներից հինգը բուժզզնում է անցնել, առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տուն են ճանապարհվել: Ըստ հիվանդանոցի տնօրեն Ժորժիկ Սերոբյանի՝ այս պահին նրանցից միայն մեկն է ստացիոնար բուժում ստանում:

«Երեխան յոթ տարեկան աղջիկ է, ունի գլխուղեղի ցնցում, նաև թոքի հետ կապված խնդիր կա: Այս պահին կյանքին սպառնացող վտանգ ու վիրահատության կարիք չկա»,- մեզ հետ զրույցում ասաց Սերոբյանը:

Իրավապահ մարմիններից մեկնաբանություն ստանալ դեռ չի հաջողվում: