«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու տարվա ընթացքում պետք է վերլուծի բոլոր դատավորների հայտարարագրերը, որոնք նրանք ներկայացնում են հանձնաժողովին: Ընդ որում, վերլուծության են ենթակա միայն 2017 թվականից սկսած ներկայացված հայտարարագրերն ու ձեռք բերված միջոցների օրինականությունը: Այս կանոնակարգումներն ուժի մեջ են մտել այս տարվա մայիսի 2-ից, եւ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանձնաժողովում գործընթացն արդեն մեկնարկել է, եռամսյա եւ հինգամսյա ժամկետներում պետք է ուսումնասիրվեն ՍԴ դատավորների ու ԲԴԽ անդամների հայտարարագրերը, իսկ երկու տարվա մեջ՝ ամբողջ դատական համակարգինը:

Ընդ որում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հասու է բոլոր տվյալները ստուգելու հնարավորություն, եւ անգամ նրանք կարող են հասանելիություն ունենալ անձի՝ բանկային գաղտնիք համարվող տվյալներին: Բացի այդ, ուումնասիրման ենթակա է լինելու նաեւ պաշտոնատար անձի ոչ միայն տնօրինման ենթակա, այլ փաստացի տիրապետման տակ գտնվող գույքը, եւ հանձնաժողովը կուսումնասիրի նաեւ դրանք: Սակայն եւս մեկ անգամ ընդգծենք, որ վերլուծության են ենթակա միայն 2017 թվականից հետո ներկայացրած հայտարարագրերն ու տվյալները»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։