Lragir.am-ը գրել է. Ադրբեջանցիներն աշխարհի տարբեր երկրներում թիրախավորում են հայերին, հայկական պատկանելության հաստատությունները: Իրավիճակն ամենից լարվածը Ռուսաստանում է, բայց հարձակումներն ու վանդալիզմի ակտերը առկա են նաեւ արեւմտյան երկրներում: Որքա՞ն է շարունակվելու այդ ամենը: Պաշտոնական Երեւանը, տեղի համայնքային կառույցները հայերին կոչ են անում չտրվել սադրանքի: Բայց կասկածից վեր է, որ շարունակվելու դեպքում անտրամաբանական է լինելու ինքնակազմակերպվելու եւ դիմադրության կոչի բացակայությունը:


«Բուրջհամուդյան» սցենարը Ռուսաստանի, Եվրոպայի եւ ԱՄՆ տարբեր քաղաքներում թերեւս ամենամղձավանջայինն է, որ կարելի է պատկերացնել ու երեւակայել: Թույլ կտա՞ որեւէ երկիր ադրբեջանցիներին իրավիճակը հասցնել այդտեղ եւ ստիպել, որպեսզի հայերը անցնեն կազմակերպված ինքնապաշտպանության:


Ինչի՞ վրա է Ալիեւի հույսը կամ հաշվարկը, եթե իհարկե այդ ամենը նրանն է, ոչ թե նրա անունից: Ալիեւն իր կորսվող անձնական իշխանության վերջին շանտաժին է դիմում, այս անգամ դուրս գալով հայ-ադրեջանական սահմանից, որովհետեւ այդտեղ շանտաժը այլեւս շատ թանկ է նստում նրա վրա: Ալիեւը փորձում է «համաշխարհային քաոսը» դարձնել իր ճակատագրի համար ուժային կենտրոնների հետ առետրի առարկա՞, թե՞ Ալիեւի ճակատագրի վրա այլեւս առեւտուր է անում Թուրքիան, համաշխարհային շանտաժի մղելով նրան:

Մի բան կասկածից վեր է, որ Ադրբեջանը Տավուշում Հայաստանից ստացել է չափազանց ուժեղ հարված, եթե ստիպված է եղել փոխել սլաքի ուղղությունը: Ներկայում պարզ է, որ Հայաստանի խնդիրը Ադրբեջանի դեպի աշխարհ բաց թողած բումերանգը նրան վրադարձնելն է, իհարկե առավելապես քաղաքական-դիվանագիտական առումով, առավելագույնս ձեռնպահ մնալով որեւէ երկրում ազգամիջյան բախման մեջ ներքաշվելուց:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում