Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Անդրկովկասում տիրող իրավիճակը՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրման համատեքստում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ։

«Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Անդրկովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրման համատեքստում։ Վլադիմիր Պուտինն ընդգծել է լարվածությունը սրելուն նպաստող ցանկացած գործողություն թույլ չտալու կարևորությունը։ Կողմերը կոնֆլիկտային իրավիճակը բացառապես խաղաղ միջոցներով լուծելու շահագրգռվածություն են հայտնել։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել կոորդինացնել ջանքերը տարածաշրջանում իրավիճակի կայունացման նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախագահներն ընգծել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորումը, հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների և Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների շահերի վրա, այլընտրանք չունի։