Առաջարկում ենք ևս 3 տարով երկարացնել սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին տրվող մի շարք արտոնություններ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ հավելելով, որ նախագծի հեղինակերն են ինքն ու «Իմ քայլը» խմբակցությունից Սիփան Փաշինյանը:

Առաջարկվում է շուրջ 36 բնակավայրերի համար պետությունը 50 տոկոսի չափով փոխհատուցի էլեկտրաէներգիայի, գազի, ոռոգման ջրի ծախսը:


Բացի այդ, առաջարկվում է, որ ահմանապահ բնակավայրերի դպրոցների բոլոր աշակերտներին դասագրքերը տրվեն անվճար կամ 50 տոկոս զեղչով:

«Բացի այդ, օրենի ուժով ամրագրում ենք, որ Ադրբեջանի կողմից հրետակոծության հետեւանքով վնասված տները պետությունն ամբողջությամբ կվերականգնի: Բնականաբար, խոսքը այն տների մասին է, որտեղ մարդիկ են ապրում: Նաեւ օրենքով ամրագրում ենք, որ եթե ռազմական գործողությունների հետեւանքով կվնասվեն, կսատկեն կենդանիները, ապա պետությունն այս դեպքում եւս կտրամադրի փոխհատուցում: Նախագծով առաջարկվում է եւս երեք տարով՝ մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը, բնակիչներին ամբողջությամբ ազատել հողի հարկից ու գույքահարկից:

Եթե հակառակորդի գործողությունների հետեւանքով սահմանապահ բնակավայրերի բնակիչը կվիրավորվի եւ ձեռք կբերի հաշմանդամության կարգ, ապա նրա բուժօգնությունը կլինի ոչ միայն անվճար, այլեւ այդ անձը կստանա 1-3 մլն դրամ գումար՝ կապված հաշմանդամության կարգից: Իսկ եթե ունենանք զոհ, ընտանիքին կտրամադրվի միանվագ 5 մլն դրամ գումար, ինչպես նաեւ պետությունը կփոխհտուցի թաղման ու գերեզմանի ծախսերը: Աստած տա, այս վեփրջին դրույթները երբեւէ չկիրառվեն»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը՝ ընդգծելով, որ խոսքը 4 մարզերի սահմանապահ համայնքների մասին է՝ Արարատի, Գեղարքունիքի, վայոց Ձորի եւ Տավուշի մարզերի:

Նա հավելեց, որ բացի այս փոփոխությունները տարբերակներ են փնտրում սահմանամերձ գյուղերի ուսանողների վարձերը, մանկապարտեզների վարձերը ամբողջությամբ փոխհատուցելու համար: