Lragir.am-ը գրել է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով աշխատանքից ազատվել է Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի միանգամից տասը պաշտոնյա: Դատելով հրամանագրից, ազատվել են տարբեր ուղղություններով հայ համայնքների հետ աշխատանքի պատասխանատուները Ռուսաստանից ու հետխորհրդային տարածությունից մինչեւ Եվրոպա եւ Ամերիկա:


Փաստացի Նիկոլ Փաշինյանը կադրային «ջարդ» է արել հանձնակատարի գրասենյակի այսպես ասած կառավարչական օղակում, ինչի համար թերեւս պետք է ունենար ծանրակշիռ պատճառ:


Վարչապետի այդ քայլը տեղի է ունենում երրորդ երկրների տարածքներում հայկական համայնքների, հայերի հանդեպ ադրբեջանական հարձակումների իրողության ֆոնին: Այդ ֆոնին հնչեց քննադատություն, որ Սփյուռքի հարցերի հանձնակատարի գրասենյակը համարժեք չի արձագանքել մարտահրավերին եւ բավարար արդյունավետությամբ չի հաղորդակցվել արտերկրի հայերի հետ:

Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի որոշումը վկայում է, որ կառավարությունն ընդունում է քննադատությունը: Մյուս կողմից, կասկածից վեր է, որ այստեղ լոկ քննադատություն ընդունելու հարց չէ եւ չի բացառվում, որ անարդյունավետ կամ ոչ համարժեք արձագանքը ոչ թե աշխատանքային թերացման եւ իրավիճակի գնահատման որոշակի սխալի հետեւանք է, այլ գուցե մտածված, սաբոտաժային երեւույթ:

Համենայն դեպս, կատարված կարդային որոշման բնույթը եւ մասշտաբը, խստությունն այնպիսին է, որ թույլ է տալիս առնվազն մտածել այդ մասին: Ընդ որում հետաքրքիր կլինի հասկանալ, թե ինչ «հետագիծ» ունեն հանձնակատարի գրասենյակի ազատված պաշտոնյաները:

Միեւնույն ժամանակ, հարցը գուցե ավելի լայն է, մասնավորապես հայ համայնքների կազմակերպման հարցի համատեքստում, նկատի ունենալով այն, որ հաղթող հայերը գործնականում բողոքի ակցիաների բացարձակապես ավելորդ մրցակցության մեջ էին մտել պարտված ադրբեջանցիների հետ, այն դեպքում, երբ հայկական ուժը եւ ներուժը գործնականում մշտապես ասիմետրիկ քայլերի եւ պատասխանների մեջ է եւ պետք չէ ասիմետրիայից դուրս մսխել այդ ներուժը այս կամ այն երկրի փողոցներում կամ ադրբեջանական դեսպանատների դիմաց բարձր աղմկելու հարցում մրցակցելու վրա:

Որքան էլ միանգամայն անկեղծ են սփյուռքի մեր հայրենակիցների մղումները, այդուհանդերձ ադրբեջանցիների ամբողջ նպատակը հենց դա է՝ համահայկական ներուժը դուրս բերել թե մեթոդաբանորեն, թե որակապես ասիմետրիկ առավելությունից եւ «հավասարեցնել» իրենց: Այդ հարցերը պետք է լինեն Հայաստան-Սփյուռք ամենօրյա աշխատանքային օրակարգում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում