Lragir.am—ը գրել է. ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը թվիթերյան գրառում է արել ԱՄՆ նախագահի ընտրությունը հետաձգելու անհրաժեշտության առնչությամբ: Ըստ նրա` կա այդպիսի անհրաժեշտություն, քանի որ էլեկտրոնային քվեարկությունը ներկայումս կլինի խիստ խոցելի եւ ոչ ճշգրիտ, ըստ այդմ պետք է հետաձգել եւ մարդկանց տալ նորմալ քվեարկելու հնարավորություն:


ԱՄՆ նախագահի ընտրությանը գործող նախագահի մրցակիցը ԱՄՆ նախկին փոխնախագահ, դեմոկրատ Ջո Բայդենն է: Տրամպի վերընտրության հեռանկարը մշուշոտ է, ինչին «նպաստել» է կորոնավիրուսի համաճարակը, որի պատկերը Նահանգներում մտահոգիչ է: Դրան զուգահեռ, Նահանգներում շարունակում է գալարվել այսպես ասած «սեւերի ապստամբությունը», թեեւ այն արդեն կարծես թե բոլորովին միագույն չէ եւ կան կասկածներ, որ պարզապես բավականին լավ կազմակերպված անկարգություններ են Տրամպի վերընտրության հնարավորությունը նվազեցնելու համար:


Կա տարածված դիտարկում, որ անկարգությունները հիմնականում թափ են հավաքել այնտեղ, որտեղ տեղական կամ նահանգային իշխանությունը ներկայացնում են դեմոկրատ ղեկավարներ: Դավադրապաշտական վարկած են դրանք, թե ոչ, դժվար է ասել, սակայն փաստ է, որ Տրամպի համար միջավայրն այնքան էլ լավ չէ: Ա

յդ պարագայում զարմանալի չէ, որ ԱՄՆ նախագահը կարող է խորհել նաեւ ընտրությունը հետաձգելու անհրաժեշտության մասին, ժամանակ շահելու համար: Զուգահեռ Տրամպը կարծես թե փորձում է ձեւավորել նախընտրական գլխավոր հաղթաթղթերից մեկը՝ չինական մեծ վտանգը: ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն օրերս ունեցել էր ելույթ, որի խորագիրը բավականին հատկանշական է՝ Կոմունիստական Չինաստանն ու ազատ աշխարհի ապագան:

Տրամպը կհասցնի՞ չինական սպառնալիքը կամ վտանգը բարձրացնել այնքան, որը թույլ կտա համախմբել եւ մոբիլիզացնել հաղթանակի համար պատկառելի ընտրազանգված: Չինաստանը կօգնի՞ նրան այդ հարցում, կվերցնի՞ իր վրա «չարի կայսրության» դերը կամ նշանը: Դա թերեւս կախված է այն հանգամանքից, թե ԱՄՆ նախագահը որքան երկխոսունակ կգտնվի նոր աշխարհակարգի հարցում Պեկինի հետ քննարկումներում, ինչ կստանա Պեկինը այդ դերը վերցնելու դիմաց:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում