Lragir.am-ը գրում է. Հնարավոր է հանդիպում թե Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, լրագրողների հետ հանդիպմանն ասել էր քրգործի շրջանակում ԱԱԾ հրավիրված ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը: Նրա հայտարարությունից հանրային ուշադրության կենտրոնում մնաց լրագրողներից մեկի պատասխան հարցը, թե ո՞ր Քոչարյանի կամ Սարգսյանի հետ է պատրաստվում հանդիպել Վանեցյանը, նրանց, ում 2018 թվականի գաղտնալսման սկանդալից հետո մեղադրում էր երկիրը թալանելու համա՞ր: ԱԱԾ նախկին պետը հայտարարեց, թե հարցը տեղին չէ:


Հանրային այդօրինակ ուշադրությունը հասկանալի է, ինչպես ասել է պատմության մեծերից մեկը՝ հաց եւ տեսարաններ հանրությանը: Մինչդեռ ԱԱԾ նախկին պետի հայտարարությունը քաղաքական առումով ուշագրավ է ներկայիս ռազմա-քաղաքական իրողության, հետտավուշյան իրադրության, ռուս-թուրքական քննարկումների ֆոնին իր հնարավոր բովանդակությամբ: Ի՞նչ է քննարկելու Արթուր Վանեցյանը պետական երեք գործիչների հետ, որոնք գործնականում հաջորդական պատասխանատվություն են կրում Հայաստանի անկախության մոտ երեք տասնամյակի ընթացքում ներքին արատավոր կառավարման եւ արցախյան հաղթանակի ինքնիշխան կապիտալիզացիայի ձախողման համար:

Գործիչներ, որոնք իրենք էլ եղել են հաղթանակի առաջնորդող, մասնակից եւ պատասխանատու՝ դա անհերքելի է, բայց տապալել են ինքնիշխան կապիտալիզացիայի պատասխանատվությունը: Նրանք դրա համար ուղիղ կամ անուղղակի մեղադրում են միմյանց, բայց պատասխանատու են բոլորը: Նրանք տարբեր ձեւաչափերով ներքին կյանքում միմյանց դեմ խաղացել են Ռուսաստանի ռեգիոնալ մեծապետական քաղաքականության տրամաբանության շրջանակում, թերեւս լավ պատկերացնելով, թե ինչ են անում ու ինչ հետեւանքով է հղի այդ խաղը Հայաստանի համար:

Դեռ պարզ չէ, թե երեք նախագահներից ով կընդունի հանդիպելու նախաձեռնությունը: Առանցքային նշանակություն ունի գուցե այն, թե ինչ խաղի տրամաբանությունից է բխում այն: Դա Հայաստանի՞ խաղն է, որի վառ դրվագ էր տավուշյան հաղթանակը, թե՞ դա Հայաստանի դեմ խաղն է, որի ոչ պակաս վառ դրվագ է այդ հաղթանակից հետո Հայաստանի իշխանության հասցեին հակառուսականության մասին ագրեսիվ եւ զազրելի հայտարարությունների ու մեղադրանքների տարափը, որ եկավ Ռուսաստանի պրոպագանդայի հայկական ազգանուններով դաշտից եւ բավականին «պարարտ հող» գտավ հայաստանյան ներքաղաքական դաշտի որոշ օջախներում:

Տավուշյան հաղթանակը Հայաստանում պարզել է մի հստակ իրողություն՝ կա ամուր բանակ, կա ամուր քաղաքական իշխանություն, չկա պետական շահին համարժեք ընդդիմություն, ինչպես գրեթե միշտ: Ի՞նչ է նշանակում տվյալ իրավիճակում պետական շահին համարժեք ընդդիմություն:

Տավուշում Հայաստանը խառնել է ռուս-թուրքական որոշակի պայմանավորվածություն, դա ակնառու էր Անկարայի արձագանքից: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանը հայկական հարվածից հետո զգացել է ուժ Թուրքիայի նկատմամբ, սակայն իր հերթին բավականին մտահոգվել է հայկական ուժի ցուցադրությունից, դա իր համար դիտարկելով ռազմավարական վտանգ: Ըստ այդմ, Մոսկվայի համար հետտավուշյան իրավիճակում կարեւոր է դառնում իրավիճակի բալանսավորման խնդիրը՝ մի կողմից արդյունավետ օգտագործել հայկական ուժի շնորհիվ Թուրքիայի հանդեպ առաջացած առավելությունը, մյուս կողմից հայերին թույլ չտալ զգալ իրենց առավելությունը ու ուժը ռուս-թուրքական պայմանավորվածությունների նկատմամբ: Ահա թե ինչու Մոսկվան մի ձեռքով անում է Թուրքիային զսպող հայտարարություններ, մյուս ձեռքով ագրեսիվ քարոզչություն սկսել պաշտոնական Երեւանի դեմ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում