Բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները վաղը՝ օգոստոսի 4-ին, կհանդիպեն կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է չընդունված դիմորդներից Հայկ Բաբալյանը:

«Մեր պայքարի սկզբից հանդիպում ենք պահանջում Արայիկ Հարությունյանի հետ։ Օրեր շարունակ մեր պահանջն անտեսվում և մերժվում էր։


Սակայն, վերջապես պարոն Հարությունյանը պատրաստակամություն հայտնեց հանդիպելու։ Հանդիպումը տեղի կունենա վաղը՝ օգոստոսի 4֊ին, ժամը 14։00֊ին։ Հանդիպման ֆորմատը հաստատվել է Արայիկ Հարությունյանի կողմից. հանդիպելու ենք նախարարությունից դուրս, ոչ ֆորմալ միջավայրում։

Հանդիպմանը ներկա են լինելու բացառապես պահանջատեր դիմորդ շարժման մասնակիցները և Արայիկ Հարությունյանը։

Արդյունքների և հետագա անելիքների մասին կտեղեկացնենք հանդիպումից հետո»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ բուհերից դուրս մնացած ուսանողներն ու նրանց ծնողները բողոքում էին՝ դժգոհելով քննությունների արդյունքներից ու կրթական գերատեսչության նոր մոտեցումից։ 7-8 բալ ստացած դիմորդներն ընդունվել են, իսկ 16 և ավել բալ ստացած շատ դիմորդներ չեն ընդունվել, քանի որ այս տարի կարևորվել է մասնագիտությունը, և առաջնայնությունը տրվել է ոչ թե որևէ առարկայից բարձր ստացողներին, այլ տվյալ մասնագիտությունն առաջին հայտով նշածներին։

Դիմորդներն ու նրանց ծնողները հուլիսի 23-ից բողոքի ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով հանդիպում նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ 2 անգամ նրանց ընդունել է նախարարի տեղակալը, եւս մեկ անգամ նրանք խորհրդարանում հանդիպել են պատգամավորների հետ: Արայիկ Հարությունյանը համառորեն հրաժարվում էր հանդիպել եւ լսել դիմորդների բողոքը: