Օրերս Հայաստան տեղափոխված Լևոն Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է։

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, 52-ամյա Լևոն Սարգսյանը` «Ալրաղացի Լյովիկը», կալանավորվել է. Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Լևոն Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը։

Հայտնել էինք, որ օգոստոսի 6-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ուղեկցությամբ Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան էր տեղափոխվել Լևոն Սարգսյանը։ Նա 2018 թվականի հոկտեմբերի 1-ից ՀՀ իրավապահների կողմից հետախուզվում էր հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելու և կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:

Հիշեցնենք` Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Ռուսաստանում Հայաստանի ոստիկանության ներկայացուցչության և ՌԴ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացրած լայնածավալ օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում Լևոն Սարգսյանը 2019 թվականի նոյեմբերի 21-ին Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել էր։

ՌԴ գլխավոր դատախազությունը բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը նրան Հայաստան արտահանձնելու վերաբերյալ։