Երևանում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում գտնվող ձորակում այսօր հայտնաբերվել է 25-ամյա խեղդամահ արված աղջկա դի։

«Փաստինֆո»-ն ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացավ, որ 15։20-ի սահմաններում ահազանգ է ստացվել այն մասին, որ սպանություն է տեղի ունեցել, դին էլ գտնվում է Հովսեփ Հովսեփյան փողոցի տարածքում. «Օպերատիվ քննչական խումբ է մեկնել։ Այս պահին դեպքի վայրում են»,-նշեցին ոստիկանությունից։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ սպանված աղջկա ինքնությունը պարզվել է, և չնայած դիակը մի քանի ժամ առաջ է հայտնաբերվել, բայց սպանությունն, ըստ ամենայնի ավելի վաղ է տեղի ունեցել։ Մեզ հաջողվեց պարզել, որ հիմնական կասկածյալն ամուսինն է, ում հետ ապրել են անհաշտ։ Նա իրանցի է, ով իրավապահ մարմինների՝ մեր աղբյուրի փոխանցմամբ, արդեն հատել է ՀՀ սահմանը։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: