«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ նախադպրոցական հաստատությունների շատ ղեկավարներ ժողով են հրավիրել՝ հասկանալու համար, թե ինչպես են կազմակերպելու մանկապարտեզների աշխատանքները: Բանն այն է, որ ինչպես դպրոցների, այնպես էլ նախադպրոցական հաստատությունների պարագայում հրահանգ է առկա, որ տարիքով ավագ դաստիարակներն ու դայակները պետք է տանը մնան՝ կորոնավիրուսով չվարակվելու համար, քանի որ գտնվում են ռիսկային գոտում եւ այս իրավիճակում ղեկավարությունը ցանկացել է հասկանալ՝ քանի դաստիարակ է այդ տարիքի, ինչ ռիսկեր կան, եթե այդպես որոշվի կազմակերպել աշխատանքները:

Մեր տեղեկություններով, արդեն դաստիարակներին զգուշացվել է, որ առավելագույնը 12 հոգանոց խմբերում առաջնահերթ պետք է ընդգրկված լինեն այն երեխաները, որոնց երկու ծնողներն էլ աշխատում են: Այսինքն, մեկ ծնողի աշխատելու եւ խմբի ծանրաբեռնվածության պարագայում շատ երեխաներ կարող են դուրս մնալ: Եվ այս հանգամանքն արդեն հարուցել է նաեւ շատ ծնողների դժգոհությունը: Ամեն դեպքում դաստիարակները պետք է առաջիկայում ցուցակ ներկայացնեն, թե երկու ծնողի աշխատելու պահանջի պարագայում առավելագույնը քանի հոգանոց խմբեր հնարավոր կլինի ձեւավորել: Հավելենք, որ Պարետի նոր որոշման համաձայն, խմբերում պետք է լինի առավելագույնը 12 երեխա»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում