Բելառուսական ​​ONT պետական հեռուստաալիքը հրապարակել է ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման մասին Բեռլինի և Վարշավայի ենթադրյալ զրույցի աուդիոձայնագրությունը:

Դրանում ԳԴՀ ներկայացուցիչն, իբր, ասում է, որ Նավալնիի դեպքում թունավորման հաստատումն այդքան էլ կարևոր չէ, քանի որ «պատերազմում բոլոր մեթոդներն էլ ընդունելի են»:

Ձայնագրությունում նաև լսվում է, թե ինչպես է անձը, որին Վարշավայի ներկայացուցիչ են անվանում, ասում, որ անհրաժեշտ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «խեղդել» Ռուսաստանի խնդիրների մեջ, որոնք «քիչ չեն»: Բացի այդ, նա ասում է, որ պետք է այնպես անել, որ Պուտինն այլևս ցանկություն չունենա «քիթը խոթել Բելառուսի գործերի մեջ»:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այս խոսակցությունն է վկայակոչել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ: Լուկաշենկոն պնդել է, որ Ալեքսեյ Նավալնիի ենթադրյալ թունավորման մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսքերը կեղծիք են: