Նախօրեին իշխող թիմն ընդլայնված կազմով հավաք էր նախաձեռնել, որին մասնակցում էր իշխանության թե՛ օրենսդիր հատվածը՝ ի դեմս իմքայլական պատգամավորների, թե՛ գործադիրը՝ անգամ մարզպետաց դասը։

Աննախադեպ ֆորմատով փակ հանդիպման մանրամասները հուշում են, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է վերանայել իր դիկտատորական պահվածքը թիմի ներսում, քանի որ ներքին տագնապներ, անհանգստություն ունի, որ հողը կարող է ոտքի տակից փախչել, թիմը կարող է պառակտվել։ Այդ պատճառով էլ, ինչպես իմքայլականները մեզ հետ մասնավոր զրույցներում խոստովանեցին, «իսկական մերձեցման երեկո» էր կազմակերպել, բոլորին իրար գլխի հավաքել ու առաջարկել՝ անկաշկանդ, բաց ու թափանցիկ խոսել, ներկայացնել կուտակված դժգոհությունները, քննարկել դրանք, որպեսզի հետո պատերի տակ չբամբասեն իրարից կամ «մամուլին սլիվներ չանեն»։ Մեզ վստահեցրին, որ չնայած «Իմ քայլից» հեռացած Արսեն Ջուլֆալակյանի թեմայով բառ անգամ չի քննարկվել, բայց բոլորի մոտ տպավորություն է ստեղծվել, թե Փաշինյանը որոշել է դասեր քաղել կատարվածից ու այսուհետ ավելի հաճախ եւ ավելի ընդլայնված կազմով հանդիպել թիմակիցների եւ հատկապես՝ օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ, այլ ոչ թե նրանց դիտարկել իբրեւ օրենքներ դակողներ։


Շատ է խոսվում, որ կառավարությունն անտեսում է պատգամավորներին, հաշվի չի նստում նրանց հետ, ինչի արդյունքում պատգամավորների մոտ մեծ դժգոհություն է կուտակվել, եւ լուրեր կային, որ Ջուլֆալակյանն առաջին ծիծեռնակն է, բայց հնարավոր է նրան հետեւողներ էլ լինեն։
Փաշինյանը, իրեն ոչ բնորոշ խաղաղ, մեղմ ու բարի տրամադրվածությամբ, պատգամավորներին առաջարկել է ներկայացնել իրենց դժգոհությունները՝ ոչ միայն նախարարների, այլեւ մարզպետների գործունեության առնչությամբ։ Մտերմիկ հորդորել է սինխրոնիզացված աշխատել, խոսել միմյանց հետ, շատ հաճախ նույն մարզից ընտրված պատգամավորները միմյանց հետ թշնամական հարաբերություններ ունեն, ինչպես, օրինակ, Գեղարքունիքի մարզից ընտրված Հայկ Սարգսյանը Թագուհի Թովմասյանի նկատմամբ կամ Վարազդատ Կարապետյանը՝ Հայկ Սարգսյանի, կամ՝ Շիրակից ընտրված պատգամավորները միմյանց նկատմամբ, Լոռվա պատգամավորը՝ մարզպետի նկատմամբ։ Առհասարակ՝ իրար հետ հաշտ պատգամավորներ ու պաշտոնյաներ իշխանությունում այսօր շատ քիչ են։

Փաշինյանն առաջարկել է այսուհետ ինտենսիվ աշխատել մարզպետների հետ, նրանց փոխանցել մարդկանցից լսած դժգոհությունները, հետամուտ լինել խնդիրների լուծմանը։ Ասել է նաեւ, որ այսուհետ նման ընդլայնված ֆորմատով շաբաթը երկու հանդիպում կունենան, որպեսզի ներքին դժգոհությունները պարպվեն, եւ ավելի արդյունավետ աշխատեն։ Իշխանությունից դուրս՝ հասարակությունում կուտակված դժգոհությունները մեծանում են, եւ թիմի միաբանվելն այժմ օրախնդիր է։

Քննարկվել են նաեւ որոշ տնտեսական հարցեր, օրինակ՝ խաղողի մթերման։ Արարատի եւ Արմավիրի մարզպետները զգուշացրել են, որ աննախադեպ դժգոհություն կա, խաղողագործները չեն համակերպվում մթերող գործարանների առաջարկած ցածր գնի հետ, եւ հնարավոր է առաջիկայում բողոքի մեծ ալիք բարձրանա։ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն էլ իրենց մարզի խնդիրների հետ կապված է անկեղծացել՝ ասելով, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ արտագնա աշխատանքի չմեկնած խոպանչիներն էլ կարող են բունտ անել։ Պատգամավորների դժգոհությունների առանցքում եղել է Սահմանադրական դատարանի հարցը։ ՍԴ երեք նորընտիր դատավորների խորհրդարանական ընտրությունը սոցիալական ցանցերում, ինչպես տեսանք, կոշտ քննադատության արժանացավ, մասնավորապես, թե ինչով են լավը «կոռումպացված դատավորն ու դասախոսը», «անսկզբունքային» իրավաբանը ՍԴ նախկին կազմից։ Շատերի կարծիքով, հեղափոխականներն այս ընտրությամբ դավաճանեցին իրենց հռչակած սկզբունքներին։ Ուստի պատգամավորներին հետաքրքրել է՝ արդյոք կառավարությանն ու անձամբ Նիկոլ Փաշինյանին չե՞ն հուզում հանրային այս տրամադրությունները։ Մեզ ասացին, որ հենց այս հարցին պատասխանելիս էլ Նիկոլ Փաշինյանը հնչեցրել է երեկոյի ամենակարեւոր եւ ուղենիշային միտքը․ «Ոչ, չի անհանգստացնում», ապա խորհուրդ է տվել, որ այլեւս պետք չէ վախենալ սխալներից, որովհետեւ միգուցե տվյալ պահին ինչ-որ գործողություն հանրությունը «սխալ» կարող է ընկալել, բայց ժամանակի ընթացքում պարզվի, որ հենց դա էր ճիշտը։ Եվ, ի վերջո, ըստ Փաշինյանի՝ ցանկացած ամենաճշմարտացի թվացող որոշումից հետո կգտնվի մարդկանց մի խումբ, որոնց դա էլ չի գոհացնի։ Վարչապետը հետո որոշել է այս դիսկուրսը շարունակել ֆեյսբուքյան իր էջում՝ նիստի հաջորդ առավոտյան մի ծավալուն գրառում անելով, որը լրագրողներին հորդորել էր վերնագրել՝ «Սխալվելու վճռականությունը` ճշմարիտ ճանապարհ»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում