Lragir.am-ը գրում է. Ռուս հասարակական գործիչ Միխայիլ Խոդորկովսկու հետ ասոցացվող Դոսյե կենտրոնը հրապարակել է զեկույց այն մասին, թե Մոսկվան ինչպես է փորձում միջամտել հարեւան երկրների, այդ թվում Հայաստանի ներքին գործընթացներին գործակալների ցանցի միջոցով, որքան գումար է վճարվում նրանց, ով է անհատապես հետեւում վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ այլն։


Ըստ զեկույցի, գործընթացն ուղղորդվում է Կրեմլից, ՌԴ նախագահի վարչակազմի Արտասահմանյան երկրների հետ միջռեգիոնալ եւ մշակութային կապերի վարչությունից, որը գլխավորում է հետախուզության գեներալ Վլադիմիր Չեռնովը։ Նշվում է, որ նա ամենամեծ հաջողությունների հասել է Հայաստանում, որտեղ գործակալական բացահայտ եւ քողարկված մեծ ցանց է գործում, գործակալներ կան պետական բոլոր կառույցներում։ Ընդ որում, Մոսկվան չի վախենում լրտեսների բացահայտումից, քանի որ ՀՀ ԱԱԾ-ն պարզապես ՌԴ ՖՍԲ-ի «մասնաճյուղն» է, ասվում է զեկույցում։


Չեռնովի ապարատում Հայաստանի հարցերով զբաղվում է նրա խորհրդական Դմիտրի Ավանեսովը։ Զարմանալի կլիներ, եթե Հայաստանի «կուրատորն» այլ ազգանուն ունենար՝ ռուսները վաղուց Հայաստանի ուղղությամբ օգտագործում են հայկական ազգանուններ ունեցող անձանց։

Դոսյեի հրապարակած փաստաթղթերից հետաքրքրություն է ներկայացնում գործակալ ոմն Սվետլանա Մաքսիմովայի գրությունը, որտեղ ասվում է, որ մինչեւ օգոստոս չհաջողվեց չեզոքացնել Նիկոլ Փաշինյանին։ Նշվում է, որ վարչապետի դեմ Հայաստանից մատնագրեր է ուղարկում նաեւ Կանդիդատ (Թեկնածու) կեղծանունով անձը։

Այստեղ հետաքրքիր է այն, որ նախատեսվում էր մինչեւ օգոստոս լուծել Նիկոլ Փաշինյանին չեզոքացնելու հարցը։ Դա հետաքրքիր է նրանով, որ Հայաստանի «ընդդիմության» տարբեր ներկայացուցիչներ մայիս-հունիսին մամուլում հայտարարություններ էին անում, թե Նիկոլ Փաշինյանին մնացել է երկու ամիս։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում