ԱԱԾ-ում կան բազմաթիվ պատվախնդիր սպաներ, որոնք իրենց աշխատանքը կատարում են ի բարօրություն Հայաստան աշխարհի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը՝ խոսելով ԱԱԾ-ում լյուստրացիայի մասին:

«Բնականաբար, ինչպես մյուս բոլոր կառույցներում, ԱԱԾ-ում եւս կան անձինք, որոնք բնականոն պրոցեսի ընթացքում պետք է լքեն ԱԱԾ շարքերը, այդ պրոցեսը սկսվել է: Ես կուզենայի, որ իմ ասածը ճիշտ ընկալվի, մարդիկ գալիս են, մարդիկ գնում են: Այստեղ որեւէ արտառոց միտք փնտրել տեղին չէ»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե Հայաստանի ԱԱԾ-ն ընկալվում է ռուսական ԱԴԾ-ի կցորդ, սպասարկում է այդ կառույցի շահերը, Քյարամյանը նշեց, որ շատ լավ հարաբերություններ ունեն Ռուսաստանի գործընկերների հետ. «Մենք շատ լավ հարաբերություններ ունենք նաեւ այլ երկրների հատուկ ծառայությունների հետ:

Մենք շատ բարձր ենք գնահատում այդ հարաբերությունները, հատկապես՝ ՌԴ հատուկ ծառայությունների հետ ունեցած մեր ավանդական շփումները: Սակայն ՀՀ ԱԱԾ-ն միտված է առաջին հերթին պաշտպանելու ՀՀ ազգային անվտանգությունը, մեր պետության ու ազգային շահը»: