Ադրբեջանի հատուկ ծառայությունները ձերբակալել են ակտիվիստ Գիյաս Իբրահիմովին` ենթադրաբար համացանցում հակառազմական և հակապատերազմական գրառումների համար: Այս մասին գրում է oc-media.org կայքը:

Իբրահիմովի օգտահաշվում հրապարակված տեսանյությում երևում է, թե ինչպես են անվտանգության ծառայությունները ներխուժում Իբրահիմովի` Բաքվում գտնվող բնակարան և հրաժարվում են մեկնաբանել, թե ինչու են նրան ձերբակալում:

«Սկզբից ասացին, որ ոստիկանությունից են, հետո ասացին, որ մենք ձեզ կտանենք զինկոմիսարիատ, ես նրանցից փաստաթուղթ խնդրեցի դրա համար, և նրանք ասացին, որ ինձ կտանեն Ազգային անվտանգության ծառայություն: Ես դեմ չեմ, գնացինք»,-ասել է Իբրահիմովը տեսախցիկի առաջ:

Կիրակի առավոտյան պատերազմի բռնկումից ի վեր Իբրահիմովը հայտնի է դարձել իր հակապատերազմական դիրքորոշումով: Նա նշել է, որ շատ ադրբեջանցիներ դատապարտում են իրեն առցանց հարթակում` նշելով, որ նման հայտարարությունների պատճառով «կորցնում են հարգանքը» իր նկատմամբ:

Նշվում է, որ Իբրահիմովը միակ մարդն է եղել Ադրբեջանում, որը համացանցում բացահայտ քննադատել է պատերազմը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Լույս սեպտեմբերի 28-ին մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեցել են նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

«Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։

Այս պահին պաշտոնական տվյալներով հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհվել է 84 զինծառայող։ Երեկ և այսօր հրապարակվել են նրանց անունները։