«Ռոսսելխոզնադզորն» արգելել է Թուրքիայից 68 տոննա մանդարինի մուտքը Տուապսեի ու Նովոռոսիյսկի նավահանգիստներ։ Այս մասին հայտնում է «Ռոսսելխոզնադզորի» Հարավային միջմարզային վարչությունը, գրում է «ՊոլիտՆավիգատորը»։ «Մի քանի խմբաքանակների ստուգման ժամանակ Թուրքիայից բերված 68․87 տոննա ընդհանուր կշռով թարմ մանդարիններում «Ռոսսելխոզնադզորի» Հարավային միջմարզային վարչությունը հայտնաբերել է ողջ վիճակում գտնվող կարանտինային օբյեկտ՝ միջերկրածովյան մրգային ճանճ։ Բեռի ներմուծումը Ռուսաստանի Դաշնության տարածք արգելվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ մթերքը պետք է վաճառվեր Մոսկվային, Կրասնոդարի ու Նովոռոսիյսկի խանութներում։ Հիշեցնենք, որ ռուս-թուրքական հարաբերություններում ապրանքաշրջանառության հետ կապված խնդիրներ էին առաջացել այն բանից հետո, երբ 2015թ. նոյեմբերին թուրքական կործանիչը Սիրիայի սահմանին ոչնչացրեց ռուսական Սու-24 ռմբակոծիչ, երկու երկրների հարաբերություններում լարվածություն առաջացավ և Ռուսաստանը Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ սահմանեց, մասնավորապես՝ սահմանափակելով թուրքական ապրանքների ներմուծումը երկիր։ Արգելքը ներառում էր բանջարեղեն, մրգեր, մսամթերք: