Իսրայելում մոտ 20 ադրբեջանցի մահակներով և քարերով հարձակվել է խաղաղ հայ ցուցարարների վրա, որոնք Հայաստանի և Արցախի դրոշներով ավտոերթ էին իրականացնում` Իսրայելի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության դեմ: Այս մասին ասաց Երուսաղեմի հայոց պատրիարքարանի ներկայացուցիչ Հայր Տիրան Հակոբյանը:
«Ավտոերթի ընթացքում Իսրայելում բնակվող մոտ 20 ադրբեջանցիներ 3-4 մեքենաներով կտրել են մեր ցուցարարների ճանապարհը, մահակներով, քարերով սկսել են կոտրել մեքենաները, ինչպես նաև հարվածներ հասցնել մեքենաներում գտնվող հայերին: Մեր ցուցարարների ու իրենց միջև բախում է տեղի ունեցել, որի ընթացքում 4-5 հայ երիտասարդներ միջին և թեթև ծանրության վիրավորումներ են ստացել, իսկ մեր տարեց հայրենակիցներից մեկն ուշագնաց է եղել: Նրան տեղափոխել են հիվանդանոց: Այս պահին բոլորն էլ լավ են»,- ասաց Հայր Տիրանը:
Երուսաղեմի հայոց պատրիարքարանի ներկայացուցիչը նշեց, որ միջադեպի ընթացքում ադրբեջանցիների կողմից պատճառվել է 5-10 հազար դոլարի գույքային վնաս:
«Մեքենաներից մեկը, որն ամենամեծ վնասն է կրել, որովհետև առջևից գնացողն է եղել, որի մեջ եղել են նաև կին և երեխա, մոտ 5-10 հազար դոլարի վնաս է կրել ադրբեջանցիների հարվածների արդյունքում»,- նշեց նա:
Հայր Տիրանը հավելեց, որ բախման ընթացքում դեպքի վայր է ժամանել Իսրայելի ոստիկանությունը, որը ձերբակալել է սադրանքը հրահրած ադրբեջանցիներից մի քանիսին:
Ավտոերթի մասնակիցների վրա հարձակված անձինք եղել են Ադրբեջանի դրոշներով:
Հոկտեմբերի 17-ին ակցիայի մասնակիցներն Իսրայելի Հայֆա քաղաքից ավտոշարասյունով շարժվել են դեպի Երուսաղեմում գտնվող Կնեսետի շենք՝ ի նշան բողոքի ԼՂ հակամարտության ընթացքում Իսրայելի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության դեմ: Ակցիային մասնակցել են նաև տեղացի հրեաներ: