Կորոնավիրուսի թվերը գնալով շեշտակի աճում են։ Նվազման միտում դեռևս չի նկատվում։ Համաճարակաբանների խոսքերով՝ մինչև հոկտեմբեր ամսվա վերջ այս թվերը դեռ կաճեն։

Նշենք, որ միայն երեկ կատարվել է 5760 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2474 նոր դեպք: Այսինքն՝ կատարված թեստերի մոտ 43% հաստատվել է։

ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ աճի տեմպը դեռ կպահպանվի, միտումները կշարունակվեն, և առաջիկա օրերին, յուրաքանչյուր օր 300-500 նոր դեպք կարձանագրվի, եթե, իհարկե, խիստ միջոցներ չձեռնարկվեն իրավիճակը կտրուկ փոփոխելու համար։ «Իսկ ավելի լայն ժամանակահատվածի համար՝ գոնե մեկ գաղտնի շրջանի համար եթե դիտարկենք՝ 14 օրվա կտրվածքով, ապա առնվազն տվյալ օրվանից դեպքերի կրկնապատկում կլինի»,- ասաց Սահակյանը։


Խիստ միջոցներ ասելով՝ մեր զրուցակիցը նկատի ունի հիմնական երեք կանոնները՝ դիմակի կրում, ձեռքերի ախտահանում և սոցիալական հեռավորություն։ «Եթե գոնե սրանք պահպանվեն, վերահսկողությունը պատշաճ իրականացվի, ապա մենք գոնե երկու գաղտնի շրջանի մասով կարող ենք բեկում ունենալ։ Բայց դա ոչ այս ամսվա մեջ։ Բեկումնային ժամանակահատվածը կարող է լինել առնվազն երկու գաղտնի շրջանի մասով, որը 20-30 օրվա ընթացքում է լինելու»,- ասաց Սահակյանը։

Մեր զրուցակցի խոսքերով՝ արդեն մոտեցել ենք իտալական սցենար ասվածին։ Արդեն կարելի է ասել, որ մահճակալային ֆոնդը սպառված է, գեր-գերծանրաբեռնված են հիվանդանոցները, ազատ մահճակալներ չկան։

«Նախարարությունն ամեն ինչ անում է, որ լրացուցիչ մահճակալներ տեղադրեն, բայց հիվանդներն այնքան շատ են, որ ստիպված տանը մնացող հիվանդների թիվը շատ անգամ ավելի է։ Հոսպիտալացվում է ամեն 8-ից 1-ը, այն էլ, երբ ծայրահեղ վիճակում է լինում»,- ասաց Գայանե Սահակյանը։

Նշենք, որ ոստիկանությունն այսօրվանից անցնելու է ուժեղացված ծառայության ռեժիմի: Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ ողջ ծավալով իրականացվելու են հակահամավարակային անվտանգության կանոնների վերահսկման բոլոր գործառույթները: Անվտանգության կանոնները խախտողներն անխտիր կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ տուգանքի տեսքով: «Քաղաքացիներին կոչ ենք անում ըմբռնումով մոտենալ այսպիսի գործողությունների անհրաժեշտությանը և ոստիկանների հետ համագործակցությամբ նպաստել մեր հաղթանակին նաև այս ճակատում»,- ասված է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։