Պատերազմի առաջին օրվանից 20-ամյա Տիգրանը առաջնագծում էր, հրետանավոր էր: Հարազատները Տիգրանի հերոսություններից բազմաթիվ դրվագներ պատմեցին: Վերջին անգամ Տիգրանի հետ խոսել էին հոկտեմբերի 14-ին: 2 օր անց՝ հոկտեմբերի 16-ին առավոտյան իմացան, որ Տիգրանը զոհվել է: Նույն օրը ծնվում է նրա եղբայրը, տանեցիները Տիգրան են անվանում: Տիգրանի քույրը իր ֆեյսբուքյան էջում գրել է, «Իմ հերոս Տիգրանը չհասցրեց իմանալ եղբոր՝ Տիգրանի ծնվելու լուրը...բայց փոխարենը նամակներ է գրելու Եղբորը...


-Բարև՛ Ախպերս, անունս Տիգրան ա։
Գիտեմ, գիտեմ, ցավդ տանեմ, քո անունն էլ Տիգրան դրեցին։ Երևի ես էի մեղավոր, որովհետև եթե ես լինեի, քեզ Արմեն կամ Կարեն կանվանեինք։
Ախպերս..էս բառը հենց էնպես չեմ ասում։ Ես քո Ախպերն եմ, դու էլ իմն ես, իմ միսն ու արյունն ես դու, հալալս։
Նայում եմ, մեծանում ես, օրը օրի վրա փոխվում ես, ստեղից աչքերիցդ բացի հոգիդ էլ եմ լավ տեսնում, ցավդ տանեմ։ Մաքուր ես ու ուժեղ ավելի, քան ես կպատկերացնեի։
Դու մեծանում ես մեր տանը, դու իմ աչքերով նայում ես Պապային, ինքն էլ քո աչքերից ինձ ա նայում։ Ես ամեն ինչ տեսնում եմ ու զգում։
Ախպերս, չմտածես, ես էնքանով եմ հետդ, ինչքանով դու կաս։ Հանկարծ քեզ մենակ չզգաս էս մեծ աշխարհում։ Հիշի, որ ես գնացել եմ, որ դու գաս։ Հիշի, որ ես հանուն քեզ չեմ խնայել ամենաթանկ բանն էս աշխարհում՝ Հորս արցունքները։
Տիկս, իմ ախպեր, Պապային չթողնես թևաթափ լինի։ Ասա իրան, որ իրա թևերը ես եմ։ Տիկ, որ հանկարծ ուզենա հանձնվի ցավին, գնա իմ նման կանգնի դիմացն ու ուղիղ նայի աչքերի մեջ, մնացածը ես կանեմ։
Ախպերս, դու երկար ճանապարհ ունես անցնելու։ Թաղի տղերքն իմ ախպերներն են մանկուց, իրանց քո հարազատի պես կարաս ընդունես։ Հանկարծ խորհրդի կարիք լինի՝գնա մոտները, կարգին տղերք են, քեզ էլ գլխներին դրած ման կտան։
Տիկ, չեմ խաբի քեզ, դժվար ա լինելու, բայց ամեն դժվարություն էլ տղու համար ա, բա տղեն պիտի ընկնի ու վեր կենա էնքան, մինչև ցավն արհամարհել կարողանա ու էլ չընկնի։ Ոչ մի րոպե քեզ չկորցնես։ Հիմա դու համ դու ես, համ՝ ես։ Ես հավերժ քո հետ եմ լինելու, Տիկս, ու չփորձվես մի րոպե կասկածես քո հաջողությանն ու դուխին։
Տիկ, գիտե՞ս, որ կամանդիրը գոռաց «Փախի՛»... ես չգիտեի, որ դու ծնվել ես։ Բայց ես ամաչեցի, ես ինձ թույլ չտվեցի փախնեմ։ Քո առաջ ամաչեցի ու հայրենիքի, Տիկ որովհետև լավ տղեն չի փախնում։ Չի փախնում ոչ մի բանից, անգամ մահից։ Ես քեզ մի բան ասեմ, Տիկ, մահ գոյություն չունի։ Մարդը անցյալ չի դառնում, եթե ներկայում թողած բան ունի։ Ես քեզ եմ թողել Տիկ։ Ու եթե դու մտածում ես, որ աշխարհը փոքր էր իմ ու քո համար...ես քեզ կասեմ՝ չէ։ Աշխարհը փոքր չի։ Մենք էլ իրարից հեռու չենք։ Հլը ուր ե՜ս...աշխարհներ ենք շուռ տալու իրար հետ։
Ախպերս, ոնց նայում եմ՝ շատ շուտ ես մեծանում։ Քեզ երևի ամեն օր նոր բաներ պիտի պատմեմ, ու դու սովորես՝ ոնց ճիշտ ապրել, որ չապրելդ էլ ճիշտ լինի։
Տիկո, նայի հա, ախպերս ես, բայց եթե Պապային ջղայնացնես, իմացի՝ ես էլ եմ ջղայնանալու։ Հասկացանք էլի, ես ինչքան ջղայնացրել եմ, հերիք ա, դու մի քիչ խելոք եղի։ Հերս թագավոր տղայա... էդ դու շատ շուտ կզգաս։
Հա Տիկ, մեկ էլ մի բան մոռացա ասեմ՝«Տիգրան»-֊ը մեր ամենահզոր թագավորի անունն ա։ Էդ անունը միշտ պիտի բարձր պահվի։ Ու ես գիտեմ, որ դու կարաս, ախպերս։ Ապրել...ապրել ա պետք։ Ես էդ բոլորից լավ գիտեմ ու քեզ ասում եմ որպես մեծ Ախպեր։ Հիմա խաղաղ քնի, մեծ աչքերդ փակի, մնացածը երազումդ կխոսանք...

Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/72517f15dd711deec41d0867c863cc9a