Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտյերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ։

Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի տարածած մամուլի հաղորդագրությունից։


«Գլխավոր քարտուղարը լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ անհապաղ հումանիտար հրադադար հաստատելու մասին կոչը, որ համաձայնեցվել է Մոսկվայում հոկտեմբերի 10-ին, իսկ այնուհետև հաստատվել է Փարիզում` հոկտեմբերի 17-ին և Վաշինգտոնում՝ հոկտեմբերի 25-ին»,- ասված է հայտարարության մեջ:

Դյուժարիկի փոխանցմամբ՝ ՄԱԿ Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է հաղորդագրություններով ռազմական գործողությունների շարունակման մասին, որոնք շարունակում են ազդել խաղաղ բնակիչների վրա: «Նա դատապարտում է բոլոր նման հարձակումները և կրկնում, որ երկու կողմերն էլ պարտավոր են, միջազգային մարդասիրական օրենսդրության համաձայն, առավելագույնս հոգ տանել ռազմական գործողությունների իրականացման ընթացքում քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները պաշտպանելու մասին»,- հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի խոսնակը։

«Գլխավոր քարտուղարը կողմերին կոչ է անում բարեխղճորեն և հրատապ հիմունքներով իրականացնել այն կոնկրետ քայլերը, որոնք նրանք պայմանավորվել են ձեռնարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների օժանդակությամբ, ինչպես նաև նրանց նախկին պարտավորությունները: Նա կողմերին կոչ է անում շարունակել առարկայական երկխոսությունը և ակտիվացնել ջանքերը համանախագահների օժանդակության միջոցով՝ հակամարտության խաղաղ և կայուն կարգավորմանը հասնելու համար»,- ասված է հայտարարության մեջ: