Ռուսաստանում բնակվող ադրբեջանցիները վերջին շրջանում սադրում են, որպեսզի այնտեղի հայերը բախումների մեջ մտնեն իրենց հետ։

«Երեկ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները Սանկտ Պետերբուրգ քաղաքում մեքենաների շարասյունով, թուրքական և ադրբեջանական դրոշներով ավտոերթ էին իրականացնում։ Մերթ ընդ մերթ կանգնում էին և դուրս գալով մեքենաներից՝ վանկարկում էին՝ «Ղարաբաղ կամ Ղարաբաղ բիզիմդիր»։ Սա կոնկրետ քայլ է, որի նպատակն է հայ համայնքին սադրանքների մեջ ներքաշելը», Lragir.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ռուսաստանաբնակ քաղաքագետ Հարություն Մկրտչյանը։

Նա նշեց, որ կոչ է անում ՌԴ հայերին, որպեսզի որևէ դեպքում չտրվեն սադրանքների, իսկ ադրբեջանական համայնքի կողմից իրականացվող նման քայլերի դեպքում դիմել իրավապահներին։

«Մեր աչքի առաջ ունենք հուլիսյան դեպքերը, երբ տավուշյան հաղթական մարտերից հետո, մարտի դաշտում պարտություն կրելով, Ադրբեջանը փորձեց մեր սփյուռքի տարբեր օջախներում բախումներ հրահրել։ Դա ունենալով մեր աչքի առաջ՝ չպետք է տրվենք սադրանքներին»,- ասաց նա։

Հարություն Մկրտչյանի խոսքով՝ որքան ադրբեջանական կողմը պարտություն կրի ռազմի դաշտում, այնքան նրանք փորձելու են մեծ սփյուռքյան հատվածներում բախումներ հրահրել։

«Իրականում հայոց սփյուռքը լավ իմաստով ևս մեկ զենք է մեր ձեռքին։ Մենք բոլորս տեսանք, թե ինչ արեց մեր սփյուռքն աշխարհով մեկ՝ Եվրոպայում, ԱՄՆ-ում, այլ երկրներում հայկական սփյուռքը կարողացավ արցախյան խնդիրը լսելի դարձնել և ինչ-որ տեղ նաև հասնել փոքր հաջողությունների։ Խոսքը վերաբերում է եվրոպական քաղաքներին, որոնք արդեն սկսել են ճանաչել Արցախի անկախությունը։ Սա ադրբեջանական ու թուրքական կողմերը շատ լավ հասկանում են։ Եվ նրանք ուզում են սփյուռքի ողնաշարը կոտրել, հայկական կողմին այդ զենքից զրկել։ Մենք չպետք է տրվենք սադրանքներին։ Այն երկրների օրենքները պետք է հարգենք, որտեղ մենք բնակություն ենք հաստատել։ Եվ նրանց կողմից սադրանքներ իրականցնելու դեպքում ուղղակի պետք է դիմենք տեղի իրավապահ մարմիններին ու հայկական հյուպատոսական ծառայություններին»,- ասաց նա։

Հարություն Մկրտչյանը նշեց, որ ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում այս առումով համեմատաբար հանգիստ իրավիճակ է։ «Այստեղ իրավապահները ևս աչալուրջ են, ուշադիր հետևում են իրադարձությունների զարգացմանը։ Այստեղ թե հայկական համայնքն է բավական մեծ, թե ադրբեջանական համայնքը։ Եվ առաջին հերթին հենց մեր շահերից չի բխում, որ բախումներ լինեն օտար երկրի տարածքում։ Սա նաև կարող է երրորդ պետությունների դիրքորոշումը փոխել Արցախյան խնդրի հետ կապված։ Սա կոնկրետ ուղղորդված է Բաքվից և Անկարայից, ինչպես հուլիսյան դեպքերի ժամանակ»,- ասաց նա։

Այս փուլում Ռուսաստանի հայ համայնքը շարունակական աշխատանք է տանում՝ Արցախին օգնելու ուղղությամբ։ Հարություն Մկրտչյանի խոսքով՝ աշխատում են սադրանքներին չտրվել։ «Մենք միասնական ենք և միասնական այն կարծիքն ունենք, որ որևէ դեպքում չպետք է տրվենք այդ սադրանքներին։ Եվ երկրորդ ճակատ սփյուռքում, առավել ևս Ռուսաստանում, մեզ պետք չէ»,- հավելեց նա։

 Նյութի  աղբյուրը՝ Lragir.am