Լեռնային Ղարաբաղի հարցով զինադադարի կնքմանը ԱՄՆ վարչակազմի բացակայությունն աղաղակող էր և Հայաստանի ժողովրդի համար աղետալի արդյունքների բերեց, Twitter-ում գրել է ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը։

«Ռուսաստանի և Թուրքիայի կողմից աջակցվող հրադադարի պայմանները, որոնք վերջ դրեցին Արցախի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած բռնություններին, անարդար են։ Թրամփի վարչակազմի բացակայությունը աղաղակող էր և աղետալի արդյունքների բերեց Հայաստանի ժողովրդի համար»,- գրել է կոնգրեսականը։

Նա ընդգծել է, որ նման փաստաթղթի ստորագրումն ամերիկյան առաջնորդության բացակայության հետևանք է։ Բացի այդ, Շերմանը նշել է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները չպետք է դիտարկվեն որպես հարցի վերջնական կարգավորում:

Նա նաև Պետդեպարտամենտին և ԵԱՀԿ ամերիկացի համանախագահին կոչ է արել աշխատել՝ արդար և հավասարակշռված երկարաժամկետ կարգավորման հասնելու համար։

«Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է պահպանվի»,- հավելել է նա։