Lragir.am-ը գրում է. Ռուսաստանը ոչ թե լքել է Հայաստանն ու հայերին, Ռուսաստանը նետել է իր բոլոր ուժերն այս իրավիճակի կարգավորման համար, ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: Այդպիսով նա պատասխանել է ռուսական եւ արտերկրի քաղաքական-տեղեկատվական տիրույթում լայնորեն քննարկվող այն համոզմունքին, որ Ռուսաստանը հանձնել է Հայաստանը: Ընդ որում, այդ քննարկումներն ակտիվացան այն բանից հետո, երբ Մոսկվան փաստացի մերժեց Նիկոլ Փաշինյանի՝ ռազմական օգնության վերաբերյալ դիմումը:

Մարիա Զախարովան ճիշտ է ասում՝ Ռուսաստանը չի լքել Հայաստանը, լքելու համար նախ պետք է կողքին լինել: Այնպես, ինչպես օրինակ Թուրքիան՝ Ադրբեջանի կողքին: Ռուսաստանն իրացնում է իր քաղաքականությունը, որը տվյալ պարագայում սկիզբ է առել 2015-ին՝ Թուրքիայի հետ լայն համաձայնությունների փաթեթով:

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Ռուսաստանի դիրքորոշումը վերջին 4,5 տարում Ղարաբաղի հարցում փոփոխություն չի կրել, եւ միջանձնային կամ իշխանությունների հարաբերությունները նշանակություն չունեն: Նա ճիշտ է ասում՝ Ռուսաստանի դիրքորոշումը հենց 2015-ից սկիզբ առած այս գործընթացն է:

Ներկայում Ռուսաստանը նկատելի քայլեր է ձեռնարկում իր կերպարը փրկելու եւ պատասխանատվությունը հանելու համար, օգտագործելով ինչպես քարոզչական ավանդական սխեմաները, այնպես էլ տարբեր լծակներ, իր ծրագիրն անխափան առաջ տանելու համար: Հայերը պետք է շնորհակալ լինեն, որ գոնե այսպես եղավ, եւ մեղավորներին փնտրեն միայն իրենց մեջ:

ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովն արդեն հայտարարել է, որ եռակողմ հայտարարությամբ Հայաստանն է ստանձնել պարտավորությունները: ՌԴ ԱԳ նախարար Լավրովն, իր հերթին, Հայաստանի ընդդիմությանը զգուշացրել է մանիպուլյացիաներ չանել եռակողմ փաստաթղթի շուրջ: Երեկվա հանրահավաքի ժամանակ ընդդիմությունն արդեն «սրբագրեց» իր մոտեցումները, հայտարարելով Ռուսաստանի անվերապահ դերի ու ներկայության մասին:

Այսպիսով, Հայաստանում քննարկումները տեղափոխվեցին հենց այդ հուն՝ փոխադարձ մեղադրանքների, դավաճանների փնտրտուքի, ներքաղաքական գզվռտոցի տեսքով: Մեզ թողնված քիչ ժամանակը մսխվելու է հենց այսպես, իրավիճակի շուրջ ելքեր փնտրելու եւ արտաքին ուժերին սուբյեկտային առաջարկներ ներկայացնելու փոխարեն:

Ռուսաստանին այս պահին Հայաստանում իշխանափոխություն պետք չէ, ծրագրի իրականացման ողջ պատասխանատվությունը ներկա վարչակարգի վրա դուրս գրելու համար: Ընդդիմությունը ստանձնել է իր մասով այս գործառույթը հայ-ռուսական ավանդական «գաղափարաբանությամբ» ու պրիմիտիվ պատճառաբանություններով, իշխանությունը շարունակում է իր արդարացումները տեղի ունեցածի համար:

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/