Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ առաջնային կարեւորության հարց է հանդիսանում մարտական գործողություններից տուժած ԼՂ բնակիչներին օգնելու հարցը։ Նա հիշեցրել է, որ ստեղծված Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնը գործում է հենց այդ նպատակով, նշելով, որ ներկայումս ձեւավորվում են այդ կենտրոնի ստորաբաժանումները։

Միաժամանակ նաեւ խորհրդակցության ժամանակ հայտնի է դարձել, որ հարկ եղած դեպքում Ռուսաստանի ԱԻՆ-ը կուղարկի Ղարաբաղ հատուկ մասնագետների, որոնք կվնասազերծեն չպայթած զինամթերքը։ Բացի այդ, կարեւորվել է այն, որ տեղահանվածները ապահովվեն ժամանակավոր, արագ հավաքովի բնակելի մոդուլներով։ Խորհրդակցության ժամանակ ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչեւը հայտարարել է, որ սպասվում է մինչեւ երեսուն հազար փախստականի վերադարձ, իսկ ներկայիս ենթակառուցվածքներով հնարավոր է ապահովել մինչեւ հինգ հազար փախստականի կարիքները եւ տարբեր սցենարներ են մշակվում, մնացածին բնակելի տարածքով ապահովելու համար։ Պուտինը նաեւ խնդրել է վերլուծել իրավիճակը եւ պարզել, թե կոնկրետ ինչի կարիք ունեն մարդիկ։ Խորհրդակցության ժամանակ Ռուսաստանի ԱԻ նախարարը հայտարարել է, որ պատերազմի ընթացքում, Լեռնային Ղարաբաղի 43 բնակավայրում 284 շինություն ամբողջովին ավերվել է: Միաժամանակ, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, ՌԴ ԱԻՆ-ի միջազգային գործունեության հարցերով վարչության ղեկավար Վլադիմիր Սոլովյովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ներկայացուցչին և Ադրբեջանի ներկայացուցիչներին է փոխանցել Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության ընթացքում անհետ կորածների ցուցակը, որը կազմվել է ՌԴ խնդրանքով։

Ի դեպ, ցուցակում հիմնականում երիտասարդների անուններ են։ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչը վստահեցրել է, որ կաջակցի անհետ կորածներին գտնելու հարցում։