Lragir.am-ը գրում է, «Կան հարցեր, որոնք լուծված չեն, բաց են մնում՝ հետագայում ինչպե՞ս ենք ապահովելու մի քանի շրջանների բնակիչների վերադարձի իրավունքի կիրառումը, ո՞վ է ապահովելու մեր հայրենակիցների անվտանգությունը, ինչպե՞ս է դա իրագործվելու», ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ երեւանյան հանդիպմանն ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ռուսաստանի արտգործնախարարը ողջույնի պատասխան խոսքում ուղիղ անդրադարձ չի կատարել վարչապետի հարցին: Թե ինչ պատասխան է եղել արդեն քննարկումներում, պարզ չէ: Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը գրել է, որ Սերգեյ Լավրովի հետ ունեցել են բովանդակալից զրույց:

Հայաստանի վարչապետի բարձրացրած հարցը վերաբերում է Բաքվի գրաված Հադրութի շրջանի, Շուշիի, Ղարաբաղի այլ շրջանների բնակավայրերին: Այստեղ կա թերեւս որոշակի «դիլեմա»: Դատելով Ռուսաստանի նախագահի, այլ պաշտոնյաների այս օրերի հայտարարություններից, Մոսկվան այս խնդիրների լուծման տրամաբանությունը դիտարկում է մարդասիրական խնդիրների համատեքստում:

Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանի բարձրաձայնած խնդիրները խորքային առումով շոշափում են Արցախի կարգավիճակի եւ դրան առնչվող հարցեր: Ռուսաստանը ձեռնպահ է մնում կարգավիճակին անդրադարձերից: Պուտինը հայտարարեց օրերս, որ դա հեռու ապագայի խնդիր է, իսկ առայժմ պայմանավորվել են ընդունել ստատուս-քվոն:

Փոխարենը, կարգավիճակի մասին աշխուժորեն ակնարկում են Մինսկի խմբի մյուս համանախագահները, նաեւ Մինսկի խմբի անդամ երկրները, օրինակ Գերմանիան: ԱՄՆ ու Ֆրանսիան Ռուսաստանին մեղադրում են անջատական քայլերի համար, իսկ Ռուսաստանը ակնարկում է, որ իրեն պարզապես խանդում են:

Մոսկվան ներկայում ձեռնամուխ է եղել Արցախի լիարժեք յուրացմանը՝ խաղաղապահ առաքելություն, գերատեսչական այլ նախաձեռնություններ, մարդասիրական աջակցություն ընդհուպ շենքերի վերականգնման ուղղությամբ եւ այլն: Մոսկվան ձգտում է այդ ամենն անել արագ: Շտապում են, այդպիսով իրավիճակը անդառնալի դարձնելով Բաքվի եւ Անկարայի՞, թե՞ Վաշինգտոնի ու Փարիզի համար: Ճանաչումը կօգնի՞, թե կխանգարի Մոսկվայի ծրագրերին, եւ ում վրա է այն կախվելու Դամոկլյան թրի պես:

Ամբողջ խնդիրն այն է, թե այդ իրավիճակում կոնկրետ ինչ լուծումներ կարող են ստանալ Արցախի տեղահանված բնակիչների հարցերը:

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2020/11/21/601850/