Lragir.am-ը գրում է. Բովանդակալից զրույց ունեցանք ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, ֆեյսբուքյան գրառում է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նոյեմբերի 21-ին Երեւանում նա հանդիպել է Սերգեյ Լավրովին, դրանից առաջ ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուին, որոնք Հայաստան են ժամանել ՌԴ միջգերատեսչական պատվիրակության կազմում: Այցերի նպատակը Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելությանն ու նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի իրագործմանն առնչվող քննարկումներն են:

«Ասացեք խնդրեմ, մենք ուզում ենք լսել, թե ինչու այդպես եղավ», 2016 թ. ապրիլի 22-ին, քառօրյայից 2 շաբաթ անց Երեւանում Լավրովին հարցրել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչ էր պատասխանել Լավրովը, պարզ չէր: Կամ էլ պատասխանը թերեւս հենց տխրահռչակ պլանն էր:

Փոխարենը, Շոյգուն ասել է, թե ինչ պլաններով են եկել Երեւան արդեն 2020-ի 44-օրյա պատերազմից հետո: Իսկ Լավրո՞վը, նա որեւէ պլանի մասին խոսե՞լ է Հայաստանի վարչապետի հետ: Ի՞նչն է եղել այն բովանդակալից զրույցի առանցքը, որի մասին ֆեյսբուքյան գրառում է արել Նիկոլ Փաշինյանը: Նա արդեն կարիք չուներ Լավրովին հարցնելու, թե ինչու այդպես եղավ: Որովհետեւ Փաշինյանը պատերազմի առաջին օրը ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարել էր, որ պատերազմ կարող էր չլինել, եթե Հայաստանն ընդուներ Լավրովի պլանը: Այսինքն, Փաշինյանը հայտարարեց, որ պատերազմ եղավ, որովհետեւ Հայաստանը չէր ընդունել Լավրովի պլանը:

Ներկայում շատ է խոսվում, որ պատերազմի առաջին օրերին Լավրովը դարձյալ ակնարկում էր պլանի մասին եւ հնարավոր էր կանգնեցնել պատերազմը, ավելի վաղ համաձայնելով դրան: Այսինքն, Ռուսաստանն ուզում էր կանգնեցնել պատերազմը, Ադրբեջանը համաձայն էր, բայց խանգարում էր Նիկոլ Փաշինյանը: Առավել եւս, որ ԶՈՒ ԳՇ պետ Գասպարյանը հենց առաջին օրերից տվել է ամեն գնով կանգնեցնելու խորհուրդ:

Կամ Հայաստանի վարչապետը գործել է քաղաքական ծայրաստիճան անհամարժեք, կամ պատերազմ կանգնեցնելը այլեւս կախված չի եղել Նիկոլ Փաշինյանի «այո» կամ «ոչ»-ից: Այստեղ էական է գնահատել Թուրքիայի դերը, որը մեծացնելով իր ազդեցությունը Բաքվի վրա, հուլիսյան մարտերից հետո պահեց Ալիեւի իշխանությունը: Դրա գինը պատերազմ սկսելն էր: Թուրքիան հազիվ թե այդ պատերազմը սկսել էր մի քանի օր անց մեկ-երկու շրջանով կանգնելու համար, կամ Ղարաբաղի համար: Հազիվ թե դրա համար էին ռեգիոն ներկրվել հազարավոր ահաբեկիչներ:

Թուրքիան կանգնելու էր այն ժամանակ, երբ Ռուսաստանը կորոշեր այլեւս չկանգնել ու միջամտել: Էրդողանն այս տարիների ընթացքում հաշվել է Պուտինի բոլոր «ատամները» եւ գիտե, թե երբ եւ ինչ պարագայում նա «կկծի»: Թուրքիան կանգնեց եւ Բաքվին կանգնեցրեց այն ժամանակ, երբ Պուտինը ցույց տվեց, որ այլեւս չի կարող չմիջամտել:

Իսկ ինչու՞ Պուտինը թույլ տվեց, որ Անկարան գրեթե կիսով չափ կրճատի «Լավրովի պլանը»: Որովետեւ Պուտինին դեռ մնացել է դիմադրունակության ռազմավարական ռեսուրս: Մարտավարական մակարդակում նա հերթական անգամ զիջում է Թուրքիային: Ըստ այդմ, քանի դեռ իրավիճակը չի հասնում ռազմավարական գծերի, Ռուսաստանը չի համարձակվում Թուրքիայի հանդեպ ցույց տալ «ատամներ», մի շարք արտաքին ու ներքին գործոններով պայմանավորված:

Դեռեւս 2018-ի օգոստոսին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ռուսաստանն ունակ է զսպել պատերազմը, եւ հետեւաբար պատերազմի պարագայում կնշանակի, որ չի եղել զսպելու ցանկություն: Հայաստանի վարչապետը պատերազմի պատասխանատվությունը դնում էր Ռուսաստանի վրա, ինչպես Սերժ Սարգսյանն էր ապրիլյանից հետո ակնարկում այդ պատասխանատվության մասին Լավրովին: Ռուսաստանն էլ պատասանատվությունը դրեց Հայաստանի վարչապետի վրա՝ Հայաստանի եւ Ռուսաստանի քարոզչական, այդ թվում պետական քարոզչական ալիքներով Փաշինյանին անընդհատ եւ հետեւողական որակելով իբրեւ արեւմտամետ եւ ՌԴ հետ հարաբերությունը խաթարող:

Անպատասխանատվության այդ մթնոլորտում Էրդողանը ստանձնեց պատերազմի պատասխանատվությունը, մտնելով եւ հաստատվելով Կովկասում: Ռուսաստանը կարողացավ լուծել Արցախում հաստատվելու խնդիրը: Մեծ խաղն առջեւում է։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2020/11/22/601975/