Շատերը հարց են տալիս, թե ինչու Ղարաբաղում ռազմական գործողությունները զարգացան Հադրութ-Շուշի ուղղությամբ, ինչու Ռուսաստանը պատերազմը կանգնեցրեց հենց այդտեղ եւ ինչու Պուտինն ամսից ավելի զբաղված է Ղարաբաղով:

Ռուսական հեռուստաընկերությունները նոյեմբերի 9-ից նորությունների թողարկումներն սկսում ու ավարտում են Ղարաբաղով: Ղարաբաղում «առաքելությանը» ոչ պակաս ժամանակ է հատկացվում, քան 2014 թվականին Ղրիմին: Վլադիմիր Պուտինը, չնայած Մյունխենյան ելույթից հետո բազմաթիվ գործերին, ամենօրյա խորհրդակցություններ է անցկացնում Ղարաբաղի մասին, իսկ օրերս կառավարության կեսին ուղարկել էր Հայաստան ու Ադրբեջան:

Ինչու՞ են Մոսկվայում այսքան կենտրոնացել Ղարաբաղի խնդրի վրա: Արդյոք փորձ է արվում Ղարաբաղը դարձնել «պետականաստեղծ» գաղափար, ինչպես եղավ 2014 թվականին Ղրիմի հետ, իսկ 2017 թվականին՝ Սիրիայում:

Ղարաբաղում Ռուսաստանի «առաքելությունը» ներկայացվում է որպես քրիստոնյա բնակչության փրկություն, ընդ որում ԱԳ նախարար Լավրովը Շուշիի հայկական հուշարձանների պաշտպանության համար օգնության է կանչում ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ նախազգուշացնելով, որ հակառակ դեպքում այդ հուշարձաններին սպասում է սիրիական Պալմիրայի ճակատագիրը:

Վլադիմիր Պուտինն օրերս հայտարարել է, որ Ռուսաստանը Ղարաբաղում լուծում է իր «ներքին խնդիրները»: Դա իրոք այդպես է, եթե հիշենք Ղարաբաղի սակրալ նշանակությունը Ռուսաստանի նոր եւ նորագույն պատմությունում:

Պուտինը ԽՍՀՄ ու Վարշավայի պայմանագրի փլուզումը համարում է «20-րդ դարի աղետ»: Ռուսական պաշտոնական լրատվամիջոցներում չեն դադարում հիշեցնել, որ «աղետը» սկսվեց, երբ խորհրդային ղեկավարությունը չկարողացավ գրագետ լուծել Ղարաբաղի հարցը:

ԽՍՀՄ փլուզման շեմին Ղարաբաղում խաղաղ հանրահավաքներ սկսվեցին, պահանջելով միացում Հայաստանի հետ: Խորհրդային ղեկավարության պատասխանը երկու «Կոլցո» գործողություններն էին, որի հետեւանքով հայաթափվեց Դաշտային Ղարաբաղը եւ Լեռնային Ղարաբաղի մի քանի տասնյակ գյուղեր Հադրութի եւ Շուշիի շրջաններում: Շրջափակման մեջ հայտնված մարդկանց այլ բան չէր մնում, քան պայքարել ու կռվել՝ կանխելով աղետը։

1991 թվականի դեկտեմբերին, երբ ռուսական զորքը հեռացավ Ղարաբաղից, հայկական ուժերին հաջողվեց ազատագրել Օղակի ժամանակ գրավված գյուղերը Հադրութում եւ Շուշիում: Հետո սկսվեց հայկական ուժերի հաղթական երթը:

2020 թվականին Ռուսաստանն Ադրբեջանի հետ փաստացի ավարտին հասցրեց Կոլցո գործողությունը, եւ դրանում համոզվելու համար բավական է հետեւել հարձակման «երթուղուն», որը գրեթե ամբողջությամբ համընկնում է: Մոսկվայում, հավանաբար, համարել են, որ այդպես կարող են ուղղել խորհրդային ղեկավարության «սխալը» եւ վերականգնել կայսրությունը:

Բայց պատմությունը կրկնվելու հատկություն ունի: Կա արժանապատվության դեմ ճնշման լիմիտ, եւ ինչպես 1991 թվականին Կոլցոն արագացրեց ԽՍՀՄ հոգեվարքը, 2020 թվականին դա կարող է նոր ու անդառնալի զարգացումների սկիզբ դառնալ: Որովհետեւ Ռուսաստանն անցել է ճնշման լիմիտը:

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2020/11/22/602069/