Lragir.am-ը գրում է. Ղարաբաղի հայկական բնակավայրերից տեղեկություններ են ստացվում, որ դրանք տեղահանվում են հանկարծակի՝ հրահանգ է ստացվում մեկ օրում լքել բնակավայրերը: Ընդ որում, բնակիչները ասում են, որ իրենց ավելի վաղ հայտնում էին, որ նախօրոք կասեն ժամկետները, ընդ որում՝ նաեւ Ղարաբաղի նախագահի մակարդակով:

Ակնհայտ է, որ տեղահանման հրահանգը տրվում է ոչ Ղարաբաղի իշխանության կողմից, նրանք ընդամենը տեղ են հասցնում հրահանգը: Ո՞վ է տալիս այդ հրահանգները: Եթե դա Ղարաբաղի իշխանությունը չէ, նշանակում է հրահանգները տալիս է ռուս խաղաղապահների հրամանատարությունը: Եվ հարց է առաջանում՝ իսկ ինչպես է այդ հրամանատարությունը որոշում, թե որ բնակավայրը երբ պետք է տեղահանվի:

Պետք է ենթադրել, որ նա կատարում է Բաքվից եկած ցուցումները, որովհետեւ դժվար թե Կրեմլից այդքան «մանրանան»: Ներկայում հայկական կողմից արդարացումներ են հնչում, թե այդ բնակավայրերը գտնվում են Ղարաբաղի վերահսկողությունից դուրս տարածքում, սակայն դա բացատրություն չէ: Եռակողմ փաստաթղթով նման բան նախատեսված չէ, ավելին, խոսք է գնում հաղորդակցությունների բացման, ազատ տեղաշարժի եւ փախստականների վերադարձի մասին: Եթե այդ մարդիկ զբաղեցնում են նախկինում ադրբեջանցիներին պատկանող տները, դա այլ հարց է, իսկ եթե այդ տները նոր են կառուցվել, այդ պարագայում խախտվում է եռակողմ համաձայնությունը:

Ռուս խաղաղապահները կարող են ցանկացած հրահանգ ստանալ, եւ ստանալու են, նրանց խնդիրը դա է, հարց է առաջանում՝ Ղարաբաղում, Հայաստանում կա՞ իշխանություն, պետական որեւէ մարմին, որը հետեւելու է հայ բնակչության իրավունքներին: Թե՞ Երեւանում Լավրովի առաջ կապիտուլյացիան ընդունելով ու երախտագիտություն հայտնելով՝ իշխանությունը ավարտել է իր առաքելությունը որպես այդպիսին:

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2020/11/23/602152/