Գործող իշխանությունների հրաժարականը պահանջող 17 կուսակցություններից մեկի՝ «Մեկ Հայաստանի» նախագահ Արթուր Ղազինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ Միութենական պետության ստեղծումը հնարավոր սցենարներից մեկն է։

Նույն Արթուր Ղազինյանը օրեր առաջ նշել էր նաև, որ անկախ նրանից, թե ով կլինի ՀՀ իշխանությունը՝ Ռուսաստանի միջնորդությամբ նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագիրը չեղարկել հնարավոր չի լինի, քանի որ դրա տակ ստորագրել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ զարմանալի չէ, որ նման քաղաքական գործունեություն ծավալող ուժերի մասնակիցներն այդպիսի հայտարարություններ են անում: «Դրանք ուժեր ու անհատներ են, որոնք սպասարկում են ոչ թե Հայաստանի, այլ օտար երկրների շահերը Հայաստանի Հանրապետությունում։ Մենք ժամանակի ընթացքում կարող ենք տեսնել, որ Ռուսաստանի պաշտոնական շրջանակների կողմից ամեն կերպ գովազդվում է, իսկ գիտական հանրությունն ընդհանրապես Ռուսաստանում գիտական աշխատանքներ է ներկայացնում, որտեղ գովազդվում են Խորհրդային Միության վերականգնումը, հետխորհրդային տարածքի երկրների անկախությունից հրաժարման մղումը, և պատերազմից հետո էլ Ռուսաստանում գործող, Ռուսաստանում բնակվող, սակայն հայկական արմատներով գործիչներ ու գիտնականներ զարմանալիորեն հիացական հայտարարություններ էին տարածում, թե Հայաստանը վերադարձավ Ռուսաստանի գիրկը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։


Նրա դիտարկմամբ՝ նման անհատները, քաղաքական գործընթացների նման մասնակիցները Հայաստանում այն մարդիկ են, ովքեր այլ երկրների շահերը սպասարկելու «գործակալներ են». «Ամենայն հավանականությամբ նրանք ֆինանսավորվում են տարբեր երկրներից ու փորձում են առաջ մղել այդ երկրների շահերը Հայաստանում։ Կարծում եմ՝ Հայաստանում կան քաղաքական այնպիսի առողջ ուժեր, որոնք կարող են հասկանալ, որ այստեղ Հայաստանի շահի նշույլ ընդհանրապես չկա, և սպասարկվում են այլ երկրների շահերը Հայաստանում։ Շատ դեպքերում՝ իսկ այս դեպքում ևս, դա արվում է հակառակ Հայաստանի շահի ու պետականության։ Նման գործիչները պարզապես Հայաստանի հասարակությունում չպետք է տեղ ունենան ու առհասարակ հասարակության շրջանակներում որևէ աջակցություն չպետք է ունենան»։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ նման նախադեպ եղել է. «Լենինն ու Աթաթուրքն էին այն ժամանակ ծրագրել, հետագայում Լեռնային Ղարաբաղը դարձավ ավտոնոմ մարզ Ադրբեջանի կազմում։ Ի՞նչ էր դա նշանակում։

Երբ Քելբաջարը, Լաչինը, Շահումյանի շրջանը, Գետաշենը, Արաքսի հովիտը դուրս էին թողնում ԼՂ ավտոնոմ մարզի սահմաններից, նույնպես քաղաքական ակցիա էր։ Այսինքն՝ մասնատել Հայաստանը։ Ղարսը՝ մի կողմում, Նախիջևանը՝ մի ուրիշ կողմում, Շահումյանի շրջանը՝ մի տեղ, Արաքսի հովիտը՝ ուրիշ տեղ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա:

Նրա խոսքով՝ այս քաղաքականության հետևանքը դարձավ Սումգայիթն ու Բաքուն 1988 և 1990 թվականներին և 2020 թվականի հաշտության հայտարարությունը. «Արցախը՝ այդ ավտոնոմ մարզը, կիսել։ Հիմա փաստորեն առաջարկություններ կան միացնել այդ բաժանարարին, որպեսզի նա նորից կիսի, ի՞նչը կիսի։ Այսինքն՝ միացնել Հայաստա՞նը, Արցախը հանձնել Ռուսաստանի տնօրինությանը։ Դա կնշանակի հանձնել որպես հետագա բանակցությունների ամեն ինչի զոհաբերման օբյեկտ»։