Հայաստանի վարչապետը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում գնահատել է երկրի ներքաղաքական իրավիճակն Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների համատեղ հայտարարության ստորագրումից հետո:

Ձեր ստորագրած եռակողմ հայտարարությունը բուռն բողոքի ցույցերի եւ նույնիսկ Ձեր հրաժարականի պահանջի պատճառ դարձավ Հայաստանում: Հաղորդվում էր, որ դուք նույնիսկ ժամանակավորապես լքել եք երկիրը: Արդյո՞ք դա այդպես է: Ինչպե՞ս եք գնահատում հանրապետությունում առկա ներքաղաքական իրավիճակը եւ արդյո՞ք դա սպառնում է խափանել ձեռք բերված պայմանավորվածությունները:

Դուք գիտեք, որ մենք ներքաղաքական լարվածություն ունենք, բայց ճշմարտությունն այն է, որ ընդդիմության կողմից հնչեցվող կոչերը լայն արձագանք չեն ստացել հայ հասարակության շրջանում: Եվ ես կարծում եմ, որ իշխանության հարցը, որը ձեւավորվել է ժողովրդի կողմից, կարող է որոշվել միայն ժողովրդի կամարտահայտության միջոցով: Փաստն այն է, որ ընդդիմության կողմից արված կոչերն աջակցություն չեն ստանում հայ հասարակության կողմից: Սա անհրաժեշտ է արձանագրել:

Ինչ վերաբերում է ժողովրդի կամարտահայտությանը, ապա առավել ժողովրդավարական ձեւն ընտրություններն են: Հնչեցվում են նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կոչեր: Ինչպե՞ս եք դրան վերաբերվում, ինչպե՞ս եք գնահատում այդ հնարավորությունը:

Այժմ ՀՀ կառավարության եւ բոլոր քաղաքական ուժերի առաջնային խնդիրը պետք է լինի Հայաստանի Հանրապետության լիարժեք կայունության եւ անվտանգության վերականգնումը: Ես նկատի ունեմ ոչ միայն ներքին, այլեւ արտաքին անվտանգությունը: Ես վեց ամսվա ճանապարհային քարտեզ հրապարակեցի, եւ հաջորդ վեց ամսվա ընթացքում մենք պետք է աշխատենք իրավիճակը կայունացնելու ուղղությամբ: Ես նկատի ունեմ քաղաքական իրավիճակը, անվտանգության իրավիճակը, տնտեսական կայունությունը: Դրանից հետո մենք կխորհրդակցենք մեր հասարակության, մարդկանց, քաղաքական ուժերի հետ եւ որոշում կկայացնենք հետագա իրադարձությունների եւ հետագա քայլերի վերաբերյալ, թե ինչ պետք է անենք հետագայում:

Ինչպես ասացիք, հասարակության զգալի մասը չի աջակցում բողոքական տրամադրություններին...

Դա չի նշանակում, որ բոլորը գոհ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում առկա իրավիճակից, Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակից եւ այլն: Ճիշտն ասած, ես էլ այդքան գոհ չեմ, մենք բոլորս ենք դժգոհ այն իրավիճակից, որն ունենք: Բայց մենք պետք է հասկանանք, թե ինչ այլընտրանքներ ունենք: Մենք պետք է աշխատենք ոչ թե իրավիճակն ավելի սրելու, այլ իրավիճակը կայունացնելու, բարելավելու համար: Եվ, ինչպես ասացի, նկատի ունեմ ոչ միայն ներքին, այլ նաեւ արտաքին կայունությունն ու անվտանգությունը, ինչպես նաեւ տնտեսական անվտանգությունն ու կայունությունը, և մենք պետք է կենտրոնանանք այս հարցերի վրա: Սա չի նշանակում, որ կառավարությունը կարծում է, որ ամեն ինչ հիասքանչ է, եւ ամեն ինչ կարգին է: Հակառակը, մենք կարծում ենք, որ նախ պետք է չսրել իրավիճակը, այն ավելի վատը չդարձնել:

Այժմ մեր առջեւ բազմաթիվ հարցեր են կանգնած` Լեռնային Ղարաբաղի` Արցախի քաղաքացիներին իրենց տներ վերադարձնելու վերաբերյալ: Անհրաժեշտ է որոշակի սոցիալական երաշխիքներ ապահովել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների եւ իրենց տները կորցրած մարդկանց համար: Պետք է կայունացնել Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակը:

Ցավոք, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, կորոնավիրուսի համավարակը շարունակվում է: Այսինքն` մեր ընդհանուր նպատակը պետք է լինի իրավիճակի կայունացումը, եւ դրանից հետո մենք պետք է որոշում կայացնենք, թե ինչպես վարվել հետագայում:

Այդ բողոքական տրամադրությունները, որոնք մենք Ձեզ հետ նշեցինք, արդյո ՞ ք դրանք չեն սպառնում խափանել նոյեմբերի 10-ին ձեռք բերված պայմանավորվածությունները:

Չեմ կարծում, քանի որ հայ հասարակությունը համաձայն է, որ այն իրավիճակում, երբ ստորագրվեց այդ փաստաթուղթը, որեւէ իրական այլընտրանք չկար, որն ավելի լավը կլիներ մեզ համար: Այսինքն, իմ կարծիքով, համոզմամբ, հայ հասարակության մեջ ստորագրված փաստաթղթի հենց այս ընկալումն է:

Այլ հարց է, որը մենք դեռ պետք է վերլուծենք, հասկանանք եւ պատասխանենք այն հարցերին, թե ինչու ամեն ինչ տեղի ունեցավ եւ ինչու մենք նման իրավիճակի հանգեցինք: Բայց այն, որ նոյեմբերի 9-ի դրությամբ պարզապես այլընտրանք չկար, կարծում եմ, իրավիճակի նման ընկալում հայ հասարակության մեջ կա: