Հակամարտությանը տևական ու կայուն քաղաքական լուծում գտնելու հարցում Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել իր ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո՝ Երևանում հայտարարել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, որը հանդիպում է ունեցել ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք ներգրավված են գործընթացում մարդասիրական համատեքստում:

ԱՄՆ դեսպանի հայտարարությունը կարևոր է մի քանի առումներով: Նախ՝ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքի վերսկսման, որը գործընթացը դուրս կբերի ռուս-թուրքական պայմանավորվածությունների կաղապարից: Այլ հարց է իհարկե, թե ինչպես է ձևավորվել այդ կաղապարը, ու ինչու են դրանից դուրս մնացել Մինսկի խմբի համանախագահները:

Դա տեղի է ունեցել կամովի՞ն, այսինքն՝ նրանք դաշտը թողել են Ռուսաստանին ու Թուրքիային պատերազմի ընթացքում, այժմ վերադառնո՞ւմ են, թե՞ թույլ են տվել իրավիճակի գնահատման վրիպումներ և հայտնվել լուսանցքում:

Սրանք իհարկե առանձին քննարկման հարցեր են, սակայն Մինսկի խմբի համանախագահության վերադարձը կարևոր է, քանի որ առնվազն բազմազանեցնում է միջավայրը և այդպիսով Հայաստանի համար ստեղծում ավելի ճկուն լինելու հնարավորություն, եթե իհարկե տեսանելի ապագայում դա իրատեսական է՝ ելնելով մի շարք իրողություններից:

Միևնույն ժամանակ ԱՄՆ դեսպանի հայտարարությունը ուշագրավ է հնչում Ալիևի հայտարարության ֆոնին, որ Ադրբեջանի նախագահը արել է, այսպես կոչված, ազգին հղած ուղերձում: Ալիևը հայտարարել է, թե «ղարաբաղյան հակամարտություն» բառակապակցությունն այլևս անցյալ է, այդ մասին հնարավոր է խոսել, եթե խոսում ես պատմության մասին:

Այդ հայտարարության տողատակում թերևս առաջիններից մեկը Արցախի կարգավիճակի հարցը մոռացության մատնելն է, որտեղ իհարկե առկա կարող է լինել ոչ միայն զուտ Ադրբեջանի և Թուրքիայի շահը՝ չեզոքացնել կարգավիճակի թեման, այլ նաև Ռուսաստանի, որն ըստ էության խաղաղապահ առաքելությամբ ստացել է Արցախի դե ֆակտո յուրօրինակ կարգավիճակ կամ Արցախում իր «անկախության» կարգավիճակը:

Հատկանշական է, որ հակամարտության անցյալ լինելու մասին ոչ միայն Ալիևն է հայտարարում, այլ նաև Պուտինը, որը նոյեմբերի 9-ից հետո առնվազն երկու անգամ խոսել է, որ կան հակամարտությունը պատմություն համարելու նախադրյալներ:

ԱՄՆ-ը, սակայն, առնվազն Երևանում դեսպանի մակարդակով, խոսում է այն մասին, որ այդ նախադրյալները չկան, և հակամարտությունը չի ստացել լիարժեք կարգավորում: Փաստորեն, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դիրքորոշումները այս առումով համընկնում են և համընկնում են ոչ միայն միմյանց, այլ նաև Հայաստանի ու Արցախի շահի հետ:

Կարո՞ղ են Հայաստանն ու Արցախն օգտագործել այդ հանգամանքը՝ հաշվի առնելով այն, որ հանգամանքը փաստորեն չի համընկնում Ռուսաստանի շահին, համենայնդեպս առայժմ, քանի դեռ Մոսկվան գերադասում է լռության մատնել կարգավիճակի և Հադրութի ու Շուշիի հայ տեղահանված բնակիչների հարցերը:

Աղբյուր՝ 1in.am