Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է ԱՄՆ պատժամիջոցների կիրառումը` կապված Անկարայի կողմից ռուսական C-400-ների գնման հետ, և սպառնացել հնարավոր պատասխան քայլերով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական պետական Anadolu լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարությանը։

«Մենք դատապարտում և մերժում ենք ԱՄՆ-ի որոշումը, որն այսօր հայտարարվել է ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման հետ կապված, որը ներառում է միակողմանի պատժամիջոցներ մեր երկրի դեմ: Թուրքիան կձեռնարկի անհրաժեշտ քայլեր այդ որոշման դեմ, ինչը անխուսափելիորեն բացասաբար կանդրադառնա մեր հարաբերությունների վրա: Թուրքիան նույնպես չի խուսափի այնպիսի միջոցներ ձեռնարկելու հարցում, որոնք անհրաժեշտ է համարում իր ազգային անվտանգությունն ապահովելու համար», - ասված է Թուրքիայի արտաքին գերատեսչության կողմից տարածված հայտարարության մեջ:

Ավելի վաղ ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության նախագահ Իսմայիլ Դեմիրի և երեք այլ անձանց դեմ։ Ըստ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի, այդ որոշումը կապված է Անկարայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրների գնման հետ: Նա կոչ է արել Թուրքիային ԱՄՆ-ի հետ համագործակցմամբ «անհապաղ» լուծել C-400-ի հետ կապված խնդիրը։ ԱՄՆ-ն պնդում է, որ ռուսական C-400-ները թուլացնում են ՆԱՏՕ-ի ընդհանուր ՀՕՊ համակարգերի պաշտպանվածության մակարդակը և դրանք դարձնում խոցելի։

2019-ի հուլիսի կեսերին սկսվել են Ռուսաստանի նորագույն С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումները դեպի Թուրքիա, որոնք ճգնաժամ են առաջացրել ԱՄՆ-ի հետ այդ երկրի հարաբերություններում: Վաշինգտոնը պահանջում էր հրաժարվել գործարքից և դրա դիմաց գնել ամերիկյան Patriot համակարգեր՝ սպառնալով հետաձգել կամ նույնիսկ չեղարկել նոր սերնդի F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային, ինչպես նաև պատժամիջոցներ կիրառել՝ համաձայն CAATSA-ի (օրենք «պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու» մասին): Անկարան հրաժարվեց զիջումների գնալուց և շարունակեց բանակցությունները C-400-ի լրացուցիչ խմբաքանակի շուրջ: