Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին, որի ժամանակ անդրադարձ է կատարել նաև արտահերթ ընտրություններին․
Պետրոս Ղազարյան – Ես լսեցի՝ Վազգեն Մանուկյանն ասում է, որ Փաշինյանն անպայման կկեղծի ընտրությունները, որովհետև այն ժամանակ դուք կեղծելու մոտիվացիա չունեիք՝ էյֆորիա էր, հեղափոխություն էր, հիմա ամեն ինչ կանեք, որ ընտրությունները կեղծվեն, հետևաբար, դուք չպետք է կազմակերպեք ընտրություններ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Տեսեք, այդ էյֆորիայի պայմաններում մենք պարտվել ենք, մեր քաղաքական թիմը պարտվել է Կապանի քաղաքապետի ընտրություններում, պարտվել ենք Աբովյանի քաղաքապետի ընտրություններում, այլ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Սյունիքի մարզկենտրոն Կապանում, այսինքն՝ 2 և էլի ուրիշ առանցքային քաղաքներում մեր կառավարման օրոք և էյֆորիայի պայմաններում՝ Ձեր նշած, մենք պարտվել ենք ընտրություններում: Որևէ մեկը կարող է ասել, որ մեր կառավարման ժամանակ թեկուզ մեկ քվեաթերթիկի կեղծիք տեղի՞ է ունեցել:
Ես, դեռևս այն ժամանակ, երբ Սահմանադրական հանրաքվեն նախատեսված էր, որը տեղի չունեցավ կորոնավիրուսի պայմաններում, գուցե կոպիտ, բայց շատ դիպուկ անդրադարձել եմ այդ թեմային։ Ասել եմ՝ ես, մենք մեր ձեռքերը կկտրենք, բայց ժողովրդի մի ձայնի չենք կպնի, որովհետև դա մեր քաղաքական ինքնությունն է: Դա մեր քաղաքական ինքնությունն է։ Եվ, ի վերջո, տեսեք՝ ի՞նչ է այսօր տեղի ունենում. մեզ արձագանքում են, ի պատասխան մեր առաջարկի ասում են՝ մենք ձեզ հետ խոսելու բան չունենք։ Մենք չենք առաջարկում մեզ հետ խոսել, մենք առաջարկում ենք ժողովրդի հետ խոսել: Ժողովրդի հետ խոսելու բան ունե՞ք, թե՞ չունեք:
Եվ, ի վերջո, ի՞նչ ենք արձանագրում։ Արձանագրում ենք, որ, տեսեք, այս ընթացքում ընդդիմությունն ունեցել է բոլոր հնարավորությունները՝ վարչապետի հրաժարականի պահանջի շուրջ ժողովրդական զանգվածների գեներացիա ապահովելու: Էլի եմ ասում՝ նրանք ունեցել են և ունեն լրատվական հսկայական ռեսուրսներ, ինչպիսին չունի կառավարութունը։ Նրանք ունեն ֆինանսական հսկայական ռեսուրսներ, ինչպիսին չունի կառավարությունը։ Նրանք ունեն կազմակերպչական հսկայական ռեսուրսներ՝ մենք օրինակներ գիտենք հրապարակային, երբ մարդկանց ասել են՝ հանրահավաքի չգաս, աշխատանքից կազատվես: Բայց ակնհայտ է, որ այդ պահանջը՝ հրապարակում առնվազն, չի արժանացել և չի արժանանալու ժողովրդական աջակցության:
Բայց մենք ասում ենք, որ մեզ համար էլ է կարևոր, որ գնանք, ժողովրդի առաջ կանգնենք և մեր ասելիքն ասենք և եկեք բոլորով գնանք։ Այսինքն՝ ոչ թե անընդհատ պետական հեղաշրջման սցենարներ և ներքին բախումների սցենարներ մտմտանք, այլ ժողովրդին տանք այս իրավիճակը հանգուցալուծելու հնարավորություն: Իրենք ասում են՝ վարչապետի հեռացում, փոփոխություն, մենք ասում ենք՝ շատ լավ. եթե ժողովուրդը որոշի, որ պետք է վարչապետը փոխվի, ուրեմն վարչապետը կփոխվի, եթե ժողովուրդը որոշի, որ վարչապետը պետք չէ փոխվի, ուրեմն չի փոխվի: Ի՞նչն ենք մենք սխալ ասում այստեղ՝ այն, որ կկեղծվեն ընտրությունները, էլի եմ ասում Կապանի և Աբովյանի օրինակը։ Ի՞նչ է, մենք չէի՞նք գիտակցում հենց թեկուզ այսօրվա պայմաններում այդ քաղաքների սկզբունքային նշանակությունը: Շատ լավ, հավելյալ մեխանիզմնե՞ր են պետք ընտրություների արդարությունն ապահովելու համար, եկեք նայենք, թե ինչպիսի մեխանիզմներ են անհրաժեշտ։ Պետք է Ընտրական օրենսգրքում փոփոխություննե՞ր անել, շատ լավ, եկեք տեսնենք, թե ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ անել Ընտրական օրենսգրքում և այլն։ Եվ այդպես շարունակ:․․․ Ինձ համար կարևորագույն սցենարը հետևյալն է՝ պետական հեղաշրջման սցենարները պետք է բացառվեն:
Պետրոս Ղազարյան – Պարոն վարչապետ, Ձեր կոչին արձագանքներ կա՞ն, խորհրդարանական ընդդիմության կողմից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Համենայնդեպս, ես կարծում եմ, որ քննարկումներ տեղի կունենան, և այդ քննարկումների արդյունքում կգանք որոշման: