ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ ՀԱՊԿ-ի հրապարակված փաստաթղթերի մասին տեղեկությունները, հրապարակումները Դատախազության կողմից ուղարկվում են ՀՀ ՀՔԾ՝ այնտեղ քննվող քրեական գործի շրջանակներում քննության առարկա դարձնելու նպատակով։ Իր հերթին, ՀՀ Անվտանգության խորհուրդը արձագանքել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի ՀԱՊԿ «գաղտնի նամակի» հրապարակմանը, նշելով, որ Մինասյանը ՀԱՊԿ հերթական վարժանքների պլանը ներկայացրել է իբրև սեպտեմբերի 27-ին սկիզբ առած պատերազմական գործողությունների նախազգուշացում, դրանից բխող հետեւություններով։


Հայաստանում ներկայում ներքաղաքական պայքարը ծավալվում է Նիկոլ Փաշինյանի կառավարության դավաճանության եւ Ռուսաստանի դերի ու պատասխանատվության, պատերազմի ընթացքի, դաշնակիցներին չդիմելու շուրջ։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նամակի հրապարակումն էլ այս շարքից է։ Իհարկե, այս հարցերի առաջնային ու անմիջական պատասխանողը Փաշինյանի կառավարությունը պիտի լինի, բայց կարեւոր է իմանալ մի շարք հանգամանքներ․

Ա. Նոր տեսակի պատերազմները 2015-ից ի վեր նկարագրված են հարյուրավոր բաց հրապարակումներում։

Բ. ՀԱՊԿ շտաբային վարժությունները պլանային են։

Պատերազմի «սկզբի եւ ավարտի» համար էական են նաեւ․

ռուսական սպառազինության ընդհանուր հետամնացությունը նոր տեսակի պատերազմների համատեքստում։ Ընդ որում, այս մասին խոսում են ոչ միայն «սովորական» փորձագետները, այլեւ ՌԴ մասնագիտացված կառույցների, ԶՈՒ Գլխավոր շտաբի վերլուծական ոլորտի «ֆրոնտմենները»։ Այս հրապարակումներն ակտիվացան հատկապես Բաքվի զորահանդեսից հետո։
Հայաստանին մատակարարվող սպառազինության հետամնացությունը հատկապես։
Հատուկ գործողությունների ստորաբաժանումների հետամնացությունը ՀՀ եւ ԱՀ զինված ուժերում։
ՀՀ-ում եւ ԱՀ-ում տեղակայված ՀՕՊ միտումնավոր անգործությունը պատերազմի հատկապես առաջին եւ վերջին օրերին։
Եւ Ամենակարեւորը.

ՀԱՊԿ-ը բազմիցս նշել է, որ Արցախը չի մտնում իր պատասխանատվության գոտու մեջ, իսկ ՀՀ Զինուժի անմիջական մասնակցությունը պատերազմին բացառվում էր Պուտին-Էրդողան համաձայնությամբ: Պետք է նկատի առնել նաեւ, որ ՀԱՊԿ անդամներից Բելառուսը եւ Ղազախստանը աջակցում էին Բաքվին։ Իր հերթին, Հայաստանի անմիջական դիմումը Ռուսաստանին՝ եղած պայմանագրերի շրջանակում միջամտելու նպատակով, Մոսկվան մերժել է «կոնսուլտացիաների անհրաժեշտության» պատրվակով:

Կարեւոր հարց է նաեւ, թե ինչու է ՀԱՊԿ-ը «արտահոսել» այդ փաստաթուղթը, ՀԱՊԿ պատասխանատվության գոտում «սահմանների տեղորոշման», ինչպես նաեւ Հայաստանի տարածքը «անվտանգային միջանցքներով» մասնատելու վերաբերյալ ռուսական շրջանակներում քննարկումների ֆոնին։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2020/12/28/611402/