Հունվարի 11-ին Մոսկվայում ընդունված եռակողմ հայտարարությունը վերաբերում էր տնտեսական հարցերին ու հաղորդակցությունների բացմանը։ Չնայած Պուտինն ասել է, որ ամեն ինչ պետք է «արդարացի» լինի, եւ պետք է գոհ լինեն թե Հայաստանում, թե Ադրբեջանում, բայց հրճվանք չկա ոչ Երեւանում, ոչ Բաքվում։ Մինչ Ռուսաստանը փորձում է պահել Լավրովի ճաքեր տված պլանը, մոտենում է պահը, երբ դիմակայությունը կդառնա անխուսափելի։ Պատահական չէ, որ Ալիեւը ճեպազրույցին չդիմացավ ու Հայաստանին «զգուշացրեց» զերծ մնալ «եռակողմ համաձայնագրի վերանայումից»։


Հայաստանն իրավունք ունի վերանայում պահանջել

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին եռակողմ համաձայնագիր է ստորագրել, բայց ղարաբաղյան հարցի կարգավորման միակ մանդատը ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանն է, եւ անգամ Ռուսաստանը չի հերքում դա։ Ոչ ռուս խաղաղապահների տեղակայումը, ոչ Արցախի սահմանների «վերաձեւումը», ոչ Արցախի կարգավիճակն ու անվտանգությունը հաստատված չեն ՄԽ համանախագահության մակարդակով, ինչը նշանակում է, որ լեգիտիմ չեն։

Ռուս քաղաքագետ Վադիմ Դուբնովն ասում է, որ Պուտինն ուզում է վերջնական համաձայնագիր ստորագրել «նախքան Բայդենի երդմնակալությունը», այլ խոսքով, Ռուսաստանում զգուշանում են, որ ԱՄՆ նոր վարչակազմը Ռուսաստանից կարող է պատասխան պահանջել սեպարատ գործարքի համար։

Մեծ է նաեւ Ֆրանսիայի դերը, որը նույնպես հարցեր է տալիս ու պահանջում «քաղաքական կարգավորում Մինսկի խմբի շրջանակում»։ Այսինքն, եռակողմ համաձայնագիրը չի ճանաչվում որպես «քաղաքական կարգավորում»։

Մոսկվայում ու Բաքվում դա լավ հասկանում են, այդ պատճառով շտապում են իրականացնել սեպարատ համաձայնությունները Սյունիքում, որւ հսկելու է ՌԴ ԱԴԾ-ն։ Նրանք օգտագործում են գերիների հարցը Հայաստանին ինչ որ նոր որոշումների հարկադրելու համար։ Դեռ պետք է պարզել, թե ինչպես են դեկտեմբերի 10-ին գերեվարվել հայ զինծառայողները, ռուս խաղաղապահների ներկայությամբ։ Եվ ինչու 17-ի միավորումը չի պահանջում քաղաքական կարգավորում, ինչպես Մակրոնը։

Ճիշտ է, «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կարծում է, որ «անհրաժեշտ էր բարձրացնել առաջին կետի հարցը, որը խատխվել է ի օգուտ Ադրբեջանի ու սպառնում է Սյունիքին»։ Մանուկյանն ասել է, որ չի եղել որեւէ հիշատակում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հակամարտության կարգավորման ու Արցախի կարգավիճակի վերաբերյալ, որը նույնպես մեծ պարտություն է։

Սահմանների պահպանման հարցը Հայաստանի ինքնիշխանության երաշխիքն է

Ռուսական լրատվամիջոցները զարմացած գրում են, որ հունվարի 11-ի հանդիպման հայտարարությունում ու հաղորդագրություններում Ղարաբաղն ընդհանրապես չի հիշատակվում, եւ խոսքը հիմնականում Հայաստանի մասին էր։ Նիկոլ Փաշինյանը հանդիպումից հետո ասել է, որ Ղարաբաղի կարգավիճակի ու դեօկուպացիայի հարցը լուծված չէ, ինչը նշանակում է, որ այլ բանի մասին է խոսվել։ Ինչի՞ մասին։

Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո «պատերազմը» Արցախից տեղափոխվել է Հայաստան, ի հեճուկս «Արցախը հանձնենք, լավ ապրենք»-ի կողմնակիցներին։ Անգամ պաշտոնյաները, այդ թվում՝ Հայաստանի օմբուդսմենը, խոսում են Հայաստանի սահմանների ու ճանապարհների ոչ բավարար պահպանության մասին, որ ադրբեջանցիները կարող են ոչ միայն ազատ թափանցել Հայաստանի բնակավայրեր, այլ անգամ «սադրանք համարեն», եթե ճանապարհի՝ հայերի կողմից չվերահսկվող հատվածում ավտոմեքենան բավարար արագ չընթանա։

Սահմանին տեղակայվում են Զինված ուժեր ու սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ։ Դա չի կարելի համարել դելիմիտացիայի եւ դեմարկացիայի վերջնական գործընթաց, ի պատասխան Սպուտնիկ Արմենիայի հարցման հայտնել են Հայաստանի կառավարությունից։

«Այս պահին պետական սահմանի երկայնքով մարտական հերթապահություն իրականացնելու նպատակով զինված ուժերի կամ սահմանապահ զորքերի տեղակայումը բացառապես պաշտպանական և անվտանգային բնույթի միջոցառում է։ Իրականացվող միջոցառումները չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթաց, չեն առնչվում կարգավիճակային հարցերին և չեն կարող մեկնաբանվել որպես սահմանագծման և սահմանազատման շուրջ վերջնական համաձայնություն կամ գոյություն ունեցած վարչական սահմանների մեխանիկական հաստատում», պատասխանել են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Այսինքն, խոսքը «կողմերի փաստացի վերահսկողության» մասին է։ Հունվարի 11-ի հանդիպմանը այդ հարցը քննարկվե՞լ է։ Հայաստանը ռուսական սահմանապահ զորքերին կփոխանցի՞ Ադրբեջանի հետ սահմանի վերահսկողությունը

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/01/14/613932/