Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին այսօր լրագրողները հարց ուղղեցին Մոսկվայում ստորագրված փաստաթղթի ու հայ գերիներին չվերադարձնելու հարցերի մասին։

«Այդ հարցի պատասխանը պետք է տան հենց իշխանությունները, որովհետև գտնում եմ, որ պատերազմի ժամանակ «հաղթելու ենք» կարգախոսի ներքո վարած ամբողջ քաղաքականության արդյունքում մենք պարտություն կրեցինք։ Այսօր էլ նրանք «լռում ենք» կարգախոսի ներքո են գործում։ Կարծում եմ՝ մոսկովյան այցի ընթացքում ամենակարևոր խնդիրներից մեկը դա ռազմագերիներին վերադարաձնելն էր։ Բայց սա հերթական այն քայլերի շրջանակում է, որ հակառակորդը, այսինքն՝ Ադրբեջանը և նաև պետք է պնդել՝ ռուս-թուրքական տանդեմն իրենց ազդեցությունն են շարունակում գործել Հայաստանի իշխանությունների վրա։ Դա է պատճառը, որ մենք ասում ենք, որ իշխանությունները պետք է փոխվեն։ Ես ուրախությամբ չէ, որ ասում եմ՝ Հայաստանի իշխանությունները պետք է փոխվեն, ուրախությամբ չեմ ասում, որ մենք պարտվել ենք։ Պարզապես նոր, ավելի համարձակ, արտաքին հարաբերություններում ավելի լավ բանակցող իշխանություններ են մեզ պետք, որպեսզի կարողանանք այս իրավիճակից դուրս գալ ու մեր արժանապատվությունն արտաքին աշխարհում պահպանել»,- ասաց Օհանյանը։

Նրա խոսքով՝ այսպես շարունակական է լինելու։ «Եվ ասեմ, որ հունվարի 11-ին ստորագրած փաստաթուղթը դրա վառ վկայությունն է։ Շատ-շատ մեր հայրենակիցներ ուրախանում են, որ ապաշրջափակում է լինելու։ Իհարկե, եթե խաղաղության պայմանագիրը կնքված լինի, եթե հարթված լինեն մեր հարաբերությունները, ապաշրջափակումը տարածաշրջանում շատ լավ է։ Բայց այս իրականության մեջ ռազմական հաղթանակից հետո հակառակորդը, թուրք-ադրբեջանական տանդեմն ընդլայնելու են իրենց ազդեցությունը մեզ վրա։ Դրա շարունակությունն են Կարսի տարածքում թուրք-ադրբեջանական զորավարժությունները, որը հոգեբանական ազդեցություն է և մեր վրա, և տարածաշրջանի այլ երկրների։ Հիշենք, որ այդ տարածաշրջանը մոտ է նաև Վրաստանին։ Այնպես որ, ոչ թե պարտությունների, այլ ձախողումների, հետ նահանջի շարունակականությունը մեզ մոտ անընդհատ լինելու է»,- հավելեց Սեյրան Օհանյանը։


Անդրադառնալով Սյունիքում սահմանազատումների հարցին, Սեյրան Օհանյանը նշեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված է, որ կողմերը պետք է կանգնեն այնտեղ, որտեղ ժամանակավոր հրադադար է համաձայնեցվել։ Դա և Արցախի, և ՀՀ տարածքին է վերաբերում։ «Երկրորդ, դելիմիտացիա և դեմարկացիա հասկացություններն իրականացնում են այն դեպքում, երբ պայմաններ կան, այդ պայմանները պետք է լինեն խաղաղության պայմաններ։ Եվ այդ ամենն իրականացվում է համատեղ հանձնաժողովների միջոցով։ Այստեղ երկու հանգամանք կա, որոնց վրա պետք է շեշտադրում կատարենք։ Առաջինը, չկան այդ պայմանները և չկան այդ սահմանները, որոնք հստակ ընդգծված են։ ԽՍՀՄ բազմաթիվ քարտեզներ են իրենք ներկայացնում, և այդ բազմաթիվ քարտեզներում տարբեր դրություն է։ Երկրորդ, մենք պետք է հասկանանք հետևյալը՝ այնտեղ, որտեղ կանգնեց զինվորը, դրվեց զինվորի ոտքը՝ թե մեր, թե հակառակորդի, հետագայում դելիմիտացիայի ու դեմարկացիայի ժամանակ շատ դժվար է լինելու բանակցելու և նրանց պարտադրելու, որպեսզի հետ քաշվեն սահմանի այս կամ այն հատվածից, կամ մենք հետ քաշվենք»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/01/19/615049/