ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ստանձնելով պաշտոնը, Ամերիկայի ժողովրդին միասնության կոչ արեց։ «Մենք պետք է դադարեցնենք այս հակաքաղաքացիական պատերազմը», – ասել է նա։ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն էլ հայտարարել է, որ Մոսկվային կասկածում է Կապիտոլիումի գրոհին առնչության մեջ։


Հայաստանում հակաքաղաքացիական պատերազմը շարունակվում է արդեն մի քանի տարի։ «Հայկական կապիտոլիումի»՝ Արցախի գրոհից հետո թշնամուն հեշտությամբ հաջողվեց հաղթահարել այդ պատերազմից ծվատված ժողովրդին։

Հրապարակ թերթը գրում է, որ հայկական ընդդիմությունը դժգոհ է Հայաստանի իշխանափոխության հարցում Ռուսաստանի դիրքորոշումից եւ ձգտում է հասնել դեսպան Կոպիրկինի հետկանչին։ Հիշեցնենք, որ Երեւանում նշանակվելիս Կոպիրկինը խոստացել էր Հայաստանում փափուկ ուժ կիրառել։ Այն աշխատել է փայլուն եւ ոչ առանց ռուսամետ «ընդդիմության» ու գործող իշխանության աջակցության, որոնք հավատարմության երդում են տալիս Ռուսաստանին։

Ճի՞շտ է, որ Հայաստանի ընդդիմությունում դժգոհություն է հասունանում Ռուսաստանի նկատմամբ, եւ ընկալու՞մ է ձեւավորվում, թե իրականում ով է հրահրել պարտությանը նախորդած «հակաքաղաքացիական պատերազմը»։ Ընկալում ձեւավորվու՞մ է, թե որտեղ է նախապատրաստվել պատերազմը, ինչպես է Ռուսաստանը կատարել 1921 թվականին Մոսկվայի պայմանագիրը «վերակենդանացնելու» իր մասը, ինչպես է Թուրքիայի հետ ձեռք ձեռքի տված գնում նոր պայմանագրի ստորագրման, այս անգամ Հայաստանի ստորագրության հետեւից։ Կա՞ ընկալում, թե ինչու Ռուսաստանը, ինչպես նշում է Հովհաննես Իգիթյանը, երկչոտ լռում է Արցախի կարգավիճակի մասին, եւ ինչու են այդ մասին լռում Ռուսաստանին հավատարմության երդում տված ուժերը։

Փոխվարչապետ Ավինյանը երեկ խորհրդարանում դժգոհել է, որ ընդդիմությունը չի ստորագրում արտահերթ ընտրությունների անցկացման հուշագիր։ Այսօրվա թերթերը գրում են, որ Փաշինյանը վախենում է հրաժարական տալ առանց արտահերթ ընտրությունների մասին հուշագրի, որովհետեւ ընդդիմությունն իր թիմի մի մասի հետ կարող է նոր վարչապետ նշանակել։

Նման ելքը չի բացառվում, եւ եթե Հայաստանում «տիկնիկավարը» իրոք Կոպիրկինն է, ապա Հայաստանի վարչապետ կարող է դառնալ նա, ով կհամաձայնվի մարտի 16-ին ստորագրել ռուս-թուրքական նոր պայմանագիրը։ Հակառակ դեպքում, արտահերթ ընտրությունները կկայանան արդեն մարտի 16-ից հետո, եւ պայմանագիրը կստորագրի Փաշինյանը։

Հայաստանի ընդդիմությունն ի դեմս Էդմոն Մարուքյանի, Վազգեն Մանուկյանի եւ մյուսների, պատրա՞ստ է ստորագրել այդ պայմանագիրը։ Ինչու՞ է ընդդիմությունը ձգտում Կոպիրկինի հետկանչին՝ Ռուսատանի քաղաքականությա՞ն, հակաքաղաքացիական պատերազմի՞, թե՞ հերթական անգամ իրենց գցելու համար։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/01/21/615599/