«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը գրել է. «Ըստ Թուրքիայի պաշտոնական վիճակագրության՝ մինչև 2020-ն այդ երկրում ՀՀ քաղաքացիների թիվը եղել է 1760, իսկ 2020-ին նվազել մինչև 1257-ը։

Դեռ 2012-ին Էրդողանը ճամարտակում էր, թե Թուրքիայում շուրջ 100.000 ՀՀ քաղաքացի է բնակվում ու ակնարկում, որ եթե Հայաստանը շարունակի միջազգային ասպարեզում հետապնդել Ցեղասպանության ճանաչման հարցը, ապա այդքանին էլ կվտարեն Հայաստան։

Հետո այդ թիվը շատ էր շրջանառվում նաև Հայաստանում։

Ու հիմա պարզվում է, որ այն մի 60 անգամ ուռճացված է եղել։ Այդ թիվն անգամ չի համապատասխանում Թուրքիայում իրենց ինքնությունը չթաքցնող, այդ երկրի քաղաքացի հայերի թվին, որը շուրջ 70000 է առանց 400000 համշենահայերի»։