ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանը Լրագրին տված հարցազրույցում ասում է, որ «1989 թվականի հոկտեմբեր ամսից՝ նույնիսկ դեկտեմբերի 1-ի որոշումն ընդունելուց առաջ, ինչ-որ աներևույթ ուժ կարծես արգելք դրած լիներ «միացում» բառի վրա։ Այսինքն՝ այդ տարբերակը ոչ մի տեղ չէր քննարկվում, և երբ դեկտեմբերի 1-ին այդ միջոցառումը եղավ, այնտեղ էլ կարծես մեկ ուրիշ աներևույթ ուժ էր աշխատում, որովհետև շարժման ղեկավարության կողմից այդ պահանջը հստակ չէր արտահայտվում։ Այդ որոշման հասարակական պահանջն արդեն գիտակցված չէր։ Հետագայում անկախության հռչակագրի մեջ դժվարությամբ մեզ հաջողվեց այդ կետը արտացոլել։ Այսինքն՝ որպեսզի ենթադրություններ չանեմ, պետք է ասեմ, որ արտաքինից եկող մի տաբու էր դրված՝ Հայաստանի ու Արցախի վերամիավորման գործընթացն իր տրամաբանական ավարտին հասցնելու հարցում։ Եվ մինչև հիմա էլ գործում է այդ տաբուն, որովհետև երբ նույնիսկ ընդդիմադիր դաշինքների կազմում ենք մենք եղել, էլի չենք կարողացել այն ժամանակվա տեղեկացված մարդկանցից մի պատասխան ստանալ, թե որն է այդ տարբերակի թերությունը, որ լուրջ քննարկման չի դրվում»։


Նույնը շարունակվում է այսօր, եւ ինչպես Հրանտ Խաչատրյանն է ասում՝ «Մարդկանց պետք է մի հասկանալի բացատրություն տրվի, թե ինչու միջազգային իրավունքին լրիվ համապատասխանող տարբերակը այս պահին, երբ արդեն բանը բանից անցել է, էլի մնում է վտանգավոր»։


Այդ բացատրություններն իրար հաջորդող վարչակազմերը չեն տալիս, փոխարենն այդ վարչակազմերը, հայկական քաղաքական դասն այս տարիների ընթացքում հնարեցին ինչ ապուշություն ասես, որ պահեն այդ տաբուն։ Եթե ճանաչենք Արցախը՝ պատերազմ կլինի, եթե ճանաչենք՝ Մինսկի խմբում բանակցային գործընթացը կխաթարվի, եթե ճանաչենք՝ աշխարհը ճիշտ չի ընկալի եւ նման կարգի անհեթեթությունները «ապացուցվեցին» երկու պատերազմներով ու եռակողմ հայտարարությամբ։

30 տարի իրար հաջորդող վարչակարգերն ու քաղաքական դասն ամեն ինչ արեցին հայկական իրավունքներից հրաժարվելու համար, եւ երբ հիմա Ռուսաստանը, Ֆրանսիան, միջազգային հանրությունն արդեն բաց խոսում են այդ մասին, այս շրջանակներից համեստորեն արձագանք չկա, եւ չի էլ կարող լինել։ Փոխարենը, Հայաստանում շարունակվում է «նախկին-ներկա» գզվռտոցն ու անհնարինության աստիճանի պրիմիտիվ ներքին «բանավեճերը» պատերազմի, դավաճանության եւ այլնի մասին։

Հիմա, երբ իսկապես բանը բանից անցել է, երբ շատ բան ակնհայտ է դարձել, ի՞նչն է խանգարում դնել այդ հարցերը։ Հայաստանի խորհրդարանի երկու իրենց ընդդիմադիր հռչակած խմբակցություններին ի՞նչն է կաշկանդում։ Ի՞նչն է կաշկանդում 17-ում հավաքված կուսակցություններին՝ ձեւավորել նման օրակարգ, որի բացակայությունը նախորդ տասնամյակներին հանգեցրել է ներկայիս աղետին։ Եթե դա չի արվում, ո՞ւմ են պետք այդ կուսակցություններն ու ի՞նչ արժեք ունի նրանց պայքարը հանրային-պետական խնդիրների համատեքստում։

Ո՞վ է շարունակում պահել այդ հրեշավոր տաբուն։ Դա նախեւառաջ Հայաստանում է՝ քաղաքական նեղ ու մեկուսի մտածողության, հոգեբանական ու աշխարհայացքային բարդույթների, իրավունքների գիտակցման իսպառ բացակայության մեջ։ Եթե դա չլիներ, ոչ մի արտաքին տաբու չէր աշխատի։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/02/23/622613/