Լրագրող Գևորգ  Թոսունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանական խրամատը, չորացող լվացքն ու ամենակարևորը՝ կեղծիքը, որ ամեն օր ձեզ հրամցնում են
- Հը՞ն, ո՞նց ա վիճակը Որոտանում, լարված չի՞։ Գրում էին, որ այստեղ հակառակորդը խրամատներ ա փորում,- հարցնում եմ Սյունիքի մարզի սահմանամերձ Որոտան գյուղի բնակիչներից մեկին։
- Ի՞նչ խրամատ,- զարմացած հարցնում ա, ու ես պատմում եմ նրան, որ մեզ Երևանում առնվազն երեք օր մեդիատեռորի են ենթարկել՝ հայտարարելով, թե Որոտանում խրամատ են փորում, Որոտանը հեսա կհանձնվի և այլն, և այլն։ Որորտանի բնակիչը սահմանափակվում ա մեղմ ժպիտով ու ասելով, որ ոչ մի լարվածություն էլ չկա։
Այս իրավիճակն ինձ համար կրկնվող ա, երկու ամիս առաջ էլ Գորիսում էինք, երբ մեդիադաշտում (ավելի ճիշտ մեդիադաշտի տգետ ոլորտում) սկսեցին հանձնել Սյունիքը՝ այդ գործընթացը մեկնարկելով Ներքին Խնձորեսկից։ Ուշ երեկոյան հյուրանոցի աշխատակցուհիներից մեկը լարված աջ ու ձախ էր զանգահարում՝ հասկանալու, թե ինչ վիճակ է իր հայրական գյուղում, քանի որ կարդացել էր, թե իրավիճակն այնտեղ լարված է։ Պարզվեց, որ ոչ մի խնդիր էլ չկա։
Այսօր Որոտանից Գորիս վերադարձա, մտա ՖԲ ու տեղեկացա, որ հիմա էլ Տավուշում ա իրավիճակը լարված, հողեր են հանձնում, սահմանազատում իրականացնում։ Չեմ շտապի եզրահանգել, թե ինչ սուտ ա, մի բան եմ առաջարկում՝ եկեք առնվազն թերհավատորեն վերաբերենք նմանաբնույթ լուրերին, առավել ևս, որ դրանք ակտիվ տարածվում են անանուն թելեգրամյան էջերում։ Եթե հնարավորություն ունեք, գնացեք ինքներդ ստուգեք ձեր աչքով, հակառակ դեպքում պետք չի հալած յուղի տեղ ընդունել ամեն մի թելեգրամյան էջի գրածը։
Լուսանկարում՝ Որոտան գյուղի չհասած տարածքն ա՝ ռուս ու ադրբեջանցի ուղեկալներով, լուսանկարի ներքևի ձախ անկյունում ադրբեջանական այդ խրամատներն են։ Ի դեպ, ասում էին նաև, որ դիմացը մերոնք են խրամատ փորել, ընդ որում՝ գյուղացիներից մեկը, սրանք էլ չեն դիմացել իրենց տարածում են սկսել փորել։ Ադրբեջանական խրամատներն էլ պաշտպանում էր միայն չորացող լվացքը»։