Իջևանցիները փակել են Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը՝ պահանջելով հանդիպում Տավուշի մարզպետի հետ: Նրանց խոսքով՝ հստակ պատասխան չի տրվել այն հարցին, թե ինչ է տեղի ունենում սահմաններին, ինչ էին անում մարզում ռուս խաղաղապահները:

Հիշեցնենք՝ Հայկ Չոբանյանը երեկ հայտնել էր, որ սահմանը վստահելի հսկողության տակ է: «Տավուշի մարզում և մարզի սահմանային ամբողջ գոտում երեկ, այսօր իրավիճակը նույնն է, ինչը եղել է մյուս օրերին և որևէ ձևով չի տարբերվում նախորդ օրերի կամ տարիների իրավիճակից: Սահմանին, բարեբախտաբար անդորր է, և մարդիկ զբաղված են իրենց առօրյա կյանքով և աշխատանքով»,- ասել էր մարզպետը՝ ևս մեկ անգամ հավաստիացնելով, որ չափագրումների մասին տեղեկությունները սուտ են: