ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը գրել է. «Վերջին օրերին իմ դեմ հարձակում-գրոհների գլխավոր համակարգողը Ռուսաստանում բնակվող Արամ Գաբրիելյանովն է, ում մարդկայնորեն կարելի է կարեկցել և խղճալ։ Նրան թույլ են տվել կասկածելի սխեմաներով միլիարդներ աշխատել ոչ իր նախապատմական հայրենիքին ու ժողովրդին աջակցելու, այլ շատ կոնկրետ նպատակներով։ Պետք է նշել, որ Մոսկվան օգտագործում է ոչ միայն Գաբրիելյանովին, այլև Մարգարիտա Սիմոնյանին, Անդրանիկ Միհրանյանին, Սերգեյ Կուրղինյանին, այլոց, թեև հանուն արդարության պետք է նշել, որ վերջինս խոստովանել է, որ հետխորհրդային տարածքում միայն հայերն ունեն պետական բեքգրաունդ։ Պետք է նշել նաև, որ չկա հետխորհրդային որևէ ժողովուրդ, որի ներկայացուցիչներին Մոսկվան օգտագործի նման կերպ։ Կամ չի կարողանում գտնել նման մարդկանց, կամ չի ցանկանում, բայց փաստը մնում է փաստ։
Եվ այսպես, որն է իշխանության քննադատության քողի տակ Արամ Գաբրիելյանովի քայլերի գլխավոր մոտիվը։ Առաջին, հայերն ընդունակ չեն պետություն ունենալ, և եթե չլինի Ռուսաստանի մեծահոգությունը, հայերը կործանված են։
Երկրորդ, ռուսահայ հոծ համայնքին Հայաստանի դեմ տրամադրելը, որը նույնպես Հայաստանի դեմ Մոսկվայի քաղաքականության հիմնարար ուղղությունն է։ Ահա սա է նրա գործունեության լեյտմոտիվը։
Ժամանակները փոխվել են, այդ թվում փլուզվում են կարծրատիպերը, որոնք բնորոշ են պետականություն չունեցող ժողովուրդներին։ Հայկական սուբյեկտությունը ճանաչելու խնդիրը Մոսկվայի առջև հառնում է ավելի ավելի համառորեն, ինչպես ասում են՝ կյանքն է ստիպում։ Գաբրիելյանովն ու հայկական ազգանուններով մյուս էմիսարները դեռևս պահանջարկ ունեն»։