Lragir.am-ի զրուցակիցն է բժիշկ-վարակաբան Արմեն Օհանյանը


Պարոն Օհանյան, Հայաստանում դարձյալ կորոնավիրուսային հիվանդացության աճ կա, ի՞նչ է տեղի ունենում։

Սա օրինաչափություն է, որը պետք է լիներ, ոչ մի արտառոց բան։ Պատմական պանդեմիաները ու վիրուսի բնույթն ուսումնասիրելով՝ հասկանում ենք, որ լրիվ սպասելի էր այս իրավիճակը։ Մենք ունեինք մոտ 170 հազար հաստատված դեպք նախքան այդ երրորդ ալիքի սկիզբը, ինչը միջինացված հաշվարկներով կազմում էր մոտավորապես 1,5-2 մլն վարակված քաղաքացի։ Այսինքն՝ մենք ունեինք այն երրորդ կոնտինգենտը, որը չէր վարակվել դեռ։ Եվ այդ մարդիկ դեռ կարող են վարակվել։

Իսկ կրկնավարակի մասին ի՞նչ կասեք։

Կրկնավարակները համաճարակաբանության տեսակետից ոչ մի նշանակություն չունեն այս հիվանդության համար։ Այսինքն՝ չեն կարող բոլորը վարակվել, հետո կրկնավարակների հաշվին էպիդեմիան շարունակվի։ Առանձին դեպքեր կարող են լինել, որոնք քանակային առումով համաճարակաբանական նշանակություն չունեն։

Եթե շրջապատում ուսումնասիրեք, հետաքրքիր օրինաչափություն կնկատեք, որ հիմա հիվանդանում են հենց այն մարդիկ, ովքեր չեն հիվանդացել նախկինում։ Նրանցից շատերը հենց այն մարդիկ են, ովքեր նախկինում ակտիվ շփումներ են ունեցել կորոնավիրուսով վարակված պացինենտների հետ, բայց չեն վարակվել։ Եվ հիմա իրենք հիվանդանում են։ Դա բացատրվում է վիրուսի փոփոխությամբ։

Կա գնահատական, որ վերջին շրջանում մարդիկ չէին պահում անվտանգության կանոնները, դիմակներ չէին կրում, հենց մեծամասամբ դա հանգեցրեց այս ալիքի տարածմանը։

Դա կարող է կապ ունենալ վիրուսի տարածման արագության հետ, բայց չենք կարող ասել, որ եթե դիմակ կրեին, չէր լինի այդ բռնկումը։ Կոպիտ ասած, միևնույն է, նույն քանակը վարակվելու է, շատ քիչ է տարբերվելու դիմակ կրել-չկրելու դեպքում։ Ուղղակի դիմակ կրելու դեպքում ավելի վերահսկելի է լինելու, այսինքն՝ երկար ժամանակի ընթացքում է վիրուսը պահպանվելու, օրինակ, երեք ամիս։

Եվ դա հնարավորություն է տալիս, որպեսզի առողջապահական համակարգը հասցնի սպասարկե՞լ մարդկանց։

Այդ, դրա գլոբալ իմաստը միայն դա է։ Մենք չենք կարող դիմակ կրելով, ինչպես ասում են, «կոտրիր շղթան, կանգնեցրու վարակը», այդ խնդիրը լուծել։ Անհնար է վիրուսային վարակը դիմակ կրելով կամ ախտահանիչով դադարեցնել։ Համենայնդեպս, գիտությունը նման կանխարգելիչ միջոցառումներ դեռ չունի, որպեսզի կարողանա հստակ վերացնել վարակը։ Վարակի վերացման մի քանի ձև կա, որից մեկը իմունիզացիան է, մյուսը՝ եթե կա արդյունավետ դեղամիջոց։ Տվյալ դեպքում դրանցից ոչ մեկը մինչև վերջերս չունեինք։

Հիմա այդ իմունիզացիայի հարցը փորձում են լուծել պատվաստումների միջոցով, հնարավո՞ր է։

Իմունիզացիան էլ հիմա արդեն հարաբերական բնույթ ձեռք բերեց, քանի որ շուկա մտան միաժամանակ իրարից շատ տարբերվող պատվաստանյութեր։ Բոլորը, բնականաբար, իրենց արդյունավետությունը շատ բարձր են գնահատում, բայց արդյոք այդ բոլորը կլինեն արդյունավետ միջոցներ, թե չէ, մի քիչ դժվար է հիմա դրան իրական գնահատական տալ։ Բայց ամենայն հավանականության դա կբերի հիվանդացության դանդաղեցման, և շատ արդյունավետ լինելու դեպքում, այո, կբերի շղթայի ընդհատման։ Բայց ինչքանո՞վ էր դա պետք մեզ, դա էլ հարցի մյուս կողմն է։ Նկատի ունեմ այս ժամանակահատվածում, երբ արդեն երրորդ շրջանն ենք մենք պտվվում, և պրակտիկորեն մեզ մոտ շատ մեծ հավանականությամբ բնականոն դադարելու էր վարակը։

Այսինքն՝ բնական իմունային շերտը ձևավորվո՞ւմ էր։

Այո, պետք է իմուն շերտը հասնի որոշակի ցուցանիշների։ Դա վարակի առանձնահատկություններից է կախված, այսինքն՝ թե ինչ վարակելիության գործակից ունի։ Դրանից կախված մի դեպքում կարող է 80 տոկոս, մյուս դեպքում՝ 90 տոկոս բարիեր լինել, որպեսզի վարակը դադարի։

Այսինքն՝ դուք որպես մասնագետ, կարծում եք, որ այս ալիքով արդեն Հայաստանում կորոնավիրուսն ավարտվելո՞ւ է։

Իմ կանխատեսումները պետք է հիմնված լինեն որևէ օբյեկտիվ ցուցանիշի վրա։ Ես հիմքերը ներկայացրեցի, և, այո, կարծում եմ՝ սրանով մենք կավարտենք covid-ի հետ մեր առնչությունը։ Հնարավոր է և ընդմիշտ։ Հնարավոր է և առանձին դեպքեր մնան։

Եվրոպական երկրներում հիմա փորձում են կառավարել այս վարակը, դրանով է պայմանավորված «փակել-բացելը», որ տնտեսությությունը շատ չտուժի։ Միգուցե այնտեղ էլ որոշ մարդիկ քաղաքական քայլեր են ձեռնարկում, մի տեղ ցույցերն են ընկճում և այլն։

Գլոբալ առումով այս հիվանդությունը բժշկության մեջ շատ նման է 1918 թվականի պանդեմիային, որը հայտնի էր «իսպանկա» գրիպ անունով։ Տոկոսային առումով մահացությունն այն դեպքում ավելի բարձր էր, բայց պետք է համեմատենք այն ժամանակվա բժշությունն ու այսօրվանը։ Ժամնակագրության տեսանկյունից նման է՝ եղավ առաջին բարձրացում, հետո երկրորդ և երրորդ։ Ի դեպ, covid-ի երկրորդ ալիքը մեզ մոտ ամենածանրն էր, և շատ թվով երիտասարդներ վարակվեցին։ Ես չեմ կարող 100 տոկոսով ասել, բայց իմ պացիենտների հետ աշխատելով՝ այսօրվա դրությամբ ես չեմ տեսնում այն երիտասարդ պացիենտներին, որոնց տեսել եմ հոկտեմբեր-նոյեմբերին, օրինակ՝ 20 տարեկան թոքաբորբով պացիենտ, ով անհրաժեշտություն ուներ հիվանդանոցային պայմաններում բուժվել։ 25 տարեկան, 30 տարեկան․․․ Հիմա ավելի մեծ տարիքի անձինք են վարակվում։ Երբ համեմատում ենք, տեսնում ենք, թե ինչքան է սա համապատասխանում «իսպանկային»։ Միգուցե այն ժամանակ էլ է կորոնավիրուս եղել, ասում են՝ գրիպ է։ Ստույգ մեթոդներ չեն եղել դա հաստատելու համար, այն ժամանակ մարդիկ նույնիսկ չգիտեին վիրուսն ինչ է։ Եվ ամենակարևորը, այդ վիրուսը դրանից հետո բռնկումների տեսքով չի եղել։ Դա պատմության ամենալավ ու հետաքրքիր մասն է։ Առայժմ ամեն ինչ համապատասխանում է դրան։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/04/01/631520/