ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաստատել Է Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի ապրիլի 7-ին կայանալիք հանդիպումը։ «Նախևառաջ, իհարկե, քննարկվելու է եռակողմ պայմանավորվածությունների ու եռակողմ փաստաթղթի կյանքի կոչման ընթացքը, որը վերջ տվեց ռազմական գործողություններին Ղարաբաղում», ասել է Պեսկովը»։ Բացի այդ, քննարկվելու են հարցեր՝ կապված Անդրկովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հետ, տեղի կունենա մտքերի փոխանակում Հայաստանում սկսված ընտրական գործընթացի, ինչպես նաև ռուս-հայկական համագործակցության ակտուալ հարցերի շուրջ:


Կապվա՞ծ են հանդիպման օրակարգի հարցերը միմյանց հետ՝ եռակողմ համաձայնությունների իրականացում, կոմունիկացիաների բացում և ընտրություններ։ Ըստ ամենայնի, այո, և Հայաստանում իշխանության հարցը որոշվելու է Մոսկվայում։ Դա կախված է նրանից՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը պատրաստ է կատարել «տնային աշխատանքը» մինչև վերջ, թե Պուտինը ստիպված կլինի գտնել ավելի «հնազանդ» մեկին։


Փաշինյանը երեկվանից, Պուտինի հետ հանդիպմամբ պայմանավորված, աշխատում է ինքնամեկուսացման պայմաններում, հայտարարել է նրա խոսնակը: Փաշինյանը պատրա՞ստ է գնալ «մինչև վերջ»։ Իսկ «մինչև վերջ» նշանակում է հրաժարվել Թուրքիայի հանդեպ պահանջներից, համաձայնվել Բաքվի և Մոսկվայի հետ, որ «ղարաբաղյան խնդիրը լուծված է», հանձնել Մեղրիի միջանցքը ռուս-թուրքական տանդեմին, եւ այլն։

Այդ դեպքում Պուտինը կարող է օգնել Փաշինյանին «նորացնել իշխանությունը» և դառնալ մունիցիպալ ծայրագավառի կառավարիչ։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/04/03/631843/