Բաքվի ականազերծման գործակալությունը (ANAMA) ասել է, թե Շուշիում մարտի 15-ին գտել են պայթած երկու Իսկանդեր հրթիռների բեկորներ։ Դրանք ազատ դիտարկման են դրվել մայրաքաղաք Բաքվում:


ANAMA-ի պեղումները բորբոքում են ռուսական սպառազինության սկանդալը, որը սկսել էր Նիկոլ Փաշինյանը Արցախում Իսկանդերի կիրառման ու 10 տոկոսով պայթելու հայտարարությամբ: Ռուսաստանից զինվորական, քաղաքական եւ այլ փորձագիտական կոշտ արձագանքի ֆոնին ՌԴ ՊՆ-ն ի վերջո հայտարարեց, թե արցախյան թատերաբեմում Իսկանդեր չի կիրառվել: Ալիեւը հաստատեց՝ «Իսկանդերի որեւէ մեկնարկ երկրի ՀՕՊ-ը չի արձանագրել»:

Նիկոլ Փաշինյանի ամոթալի զղջումից հետո Կրեմլը Իսկանդերի դիպվածը սպառված համարեց, հայ ժողովրդին թողնելով զարմացած. քանի կոպեկ արժեն ռուսական բարձր տեխնոլոգիական ահեղ զենքերը: Մոսկվան Հայաստանին սահմանափակ քանակությամբ բարձրտեխնոլոգիական զենքի միավորներ, այդ թվում ավիացիա եւ ՀՕՊ է մատակարարել Ռուսաստանից կառավարելիության պայմանով: Կուզեն կթռչի, չեն ուզի՝ չի թռչի, կամ կթռչի ու չի պայթի, կուզեն ԱԹՍ կորսա, կուզեն չի որսա:


Բաքուն վաղուց էր ճնշման լծակներ փնտրում իր թիկունքում կանգնած Ռուսաստանի վրա: Հայաստանի հանդեպ Ռուսաստանի թշնամական քաղաքականությունը, ՀՀ եւ ԼՂՀ զինուժի օդային լրտեսման Բաքվին ենթակա «Ակնա» ռուս-թուրքական կենտրոնը, Արցախում ռուս խաղաղապահների իրավական անորոշ կարգավիճակը եւ այլ հանգամանքներ Մոսկվային անելանելի կախման մեջ են գցել սեպտեմբեր 27-ին իր իսկ «լարած» Բաքվից:

Հատկանշական է, որ ANAMA-ի «ցուցահանդեսը» տեղի ունեցավ Պուտին-Փաշինյան հանդիպման նախօրեին, երբ ըստ պաշտոնական հաղորդագրության քննարկվելու է «հաղորդակցությունների բացման ընթացքը»: Բաքուն ասում է ռուսներին. քանդեք Հայաստանը մինչեւ վերջ, այլապես Իսկանդերը ընդամենը սկիզբն է:

Ուշագավ է, որ Մոսկվայի հիմքից լիրբ դիրքորոշման հետեւանքով հայկական Իսկանդերի եւ, առհասարակ ռուսական սպառազինության խնդրի վերարծարծումը լծակ է թե Երեւանի, թե ինչպես տեսնում ենք՝ Բաքվի ձեռքին: Կրեմլի խոսնակի եւ դեսպան Կոպիրկինի զառանցագին անդրադարձները դրա վկայությունն են: Մոսկվան անկյուն է մղված:

Հիմա Բաքուն ճնշում է Մոսկվային հիանալի պատկերացնելով, որ Նիկո՞լ թե «պայմանական Ռոբերտ» ռուսական սցենարով շարժվող Երեւանը ստիպված է լինելու հատուցել Մոսկվային: Այսօր հատուցել ՖՍԲ, իսկ վաղը թուրքական MIT միջանցքներով, մեսրոպյան այբուբենով, «Պոլոժենյա»-ով կառավարելի եկեղեցով, Իրանի սահմանով, 3 միլիարդի նոր մետաղի ջարդոնով՝ ամեն ինչով: Եւ անգին կյանքերով, ցավոք:

Բաքվի եւ Երեւանի արմատական տարբերությունն այն է, որ առաջինում հետապնդում են ազգային նպատակներ, իսկ երկրորդում տրված են թովիչ նոքյարության «դարավոր» վայելքին:

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/04/03/631921/