Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Համեմատաբար համառոտ.
Թշնամի, չթշնամի, սա, նա: Երկու ծայրահեղությունների փոխադարձ խթանումով՝ որում կամա, թե ակամա հայտնվում են նաեւ այս կամ այն գաղափարին կամ համոզմանն անկեղծ նվիրված մարդիկ, հայ հանրությանը դարձյալ մղում են խորը պատմա-քաղաքական ծուղակ: Կամ պահում դրանում: Քննարկել թշնամի կամ փրկիչ, ոչ թե քննարկել իրավիճակ, այդ իրավիճակում շահեր, խնդիրներ, հնարավորություններ ու հեռանկարներ:
Կարող ենք ամբողջ ազգով կանգնել հայ-թուրքական սահմանին ու բղավել, որ թուրքը կամ Թուրքիան մեր թշնամին է: Դրանից թե մեր ուժը չի ավելանալու, թե Թուրքիայի ուժը չի պակասելու: Դրանից չի փոխվելու ոչինչ: Եվ հենց դա է ծուղակը, որում մեզ պահում են: Ծուղակ, որպեսզի հայկական պետականությունը չկարողանա այս ռեգիոնում փոխել ոչինչ: Չփոխել ոչինչ, այսինքն չփոխել ռեգիոնում ռուս-թուրքական ձեւաչափի դոմինանտությունը, որ վերականգնվեց եւ «կնքվեց» Արցախի դեմ պատերազմով:
Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերության արմատական մերժումն է ռեգիոնում Ռուսաստանի ներկայության միակ «հուսալի» ոտնատեղը: Ռուսաստանի այդ ներկայությունն է ռեգիոնում իր պլանները առաջ տանելու Թուրքիայի միակ հուսալի երաշխիքը, որովհետեւ թուրքերը գիտեն իրենց առավելությունը Ռուսաստանի հանդեպ: Եթե ռեգիոնը բացվի, թուրքերի մրցակիցը այստեղ կարող են դառնալ չինացիները, ամերիկացիները, արաբական աշխարհը: Սրանցից որեւէ մեկի հանդեպ Թուրքիան մեղմ ասած չունի առավելություն, ի տարբերություն Ռուսաստանի հետ հարաբերության»: